Իլիկով թել մանելը ՀՀ տնտեսության առաջատար ճյուղ

Չորրորդ ինքնիշխանությունը գրում է. «Բանից պարզվում է, որ այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 11.7 տոկոսով աճել է, արդյունաբերությունը աճել է 16 տոկոսով, տնտեսական ակտիվությունն աճել է 8.7 տոկոսով, բայց էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է: Ցանկացած տնտեսագետի հարցրեք՝ հնարավոր է, որ որևէ երկրում արդյունաբերությունը աճի 16 տոկոսով, բայց էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազի: Նման բան հնարավոր է միայն Հայաստանում: Ընդ որում այս «ֆենոմենը» կարող է երկու բացատրություն ունենալ: Կամ Ազգային վիճակագրական ծառայությունները պարզապես թվեր են նկարել, կամ Հայաստանի արդյունաբերություն ասելով նկատի ունեն իլիկով թել մանելը (դա միակ «արտադրական պրոցեսն» է, որի ժամանակ էլեկտրաէներգիա չի ծախսվում): Մենք , իհարկե, հակված ենք երկրորդ տարբերակին, որովհետև մտքներովս անգամ չի անցնում, որ պաշտոնական վիճակագրությունը կարող է թվեր կեղծել: Այսպես որ կարող ենք շնորհավորել միմյանց, Հայաստանը միաժամանակ և զարկ է տալիս տնտեսության հայեցի ճյուղերի զարգացմանը, և երկարատև ընդմիջումից հետո երկնիշ աճ է գրանցվում: Իսկ էլեկտրաէներգիա կարելի է նաև չարտադրել: Մեր պապերը դրանով չէին զբաղվում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում