Դեղերը թանկացել են

«Ժողովուրդ»-ը մոտ օրերս շրջայց կատարեց Երեւանի մի քանի դեղատներում եւ արձանագրեց որոշակի թանկացումներ: Նկատենք, որ հիմնականում թանկացել են սրտանոթային, ճնշման, աչքի հիվանդությունների բուժման համար նախատեսված եւ տարբեր տեսակի ցավազրկող դեղամիջոցները:

Այսպես, «Սերվիեր» դեղագործական ընկերության «Նոլիպրել ֆորտե» կոչվող դեղը, որը նախկինում վաճառվում էր 7200 դրամով, հիմա դարձել է 8200 դրամ: «Դելտրալեքս 60»-ը 8200-ից դարձել է 8800 դրամ, «Պռեդուկտալ MR»-ը՝ 7150-ից 7800 դրամ, «Պրեստարիում 5 մգ»-ն՝ 4500-ից 5000 դրամ, իսկ «Պրեստանս 10/5»-ը 8600-ից դարձել է 9950 դրամ: Թանկացել է նաեւ «Սանոֆի ավենտիս» դեղագործական ընկերության «Էսենցիալ» դեղամիջոցը՝ 3450-ից դառնալով 4350 դրամ, իսկ հիմա արդեն՝ 4850: Այս դեղամիջոցը երկու անգամ է թանկացել: Աչքի համար նախատեսված «Տաֆտոլան» կոչվող կաթիլները եւս թանկացել են:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը փոխանցեց. «ՏՄՊՊՀ մոնիթորինգի խումբը գների որոշակի բարձրացում արձանագրել է: Այս պահին շուկան ուսումնասիրվում է, եւ ավարտին դրանց արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում