Քրիստոնյա հոգեբանի անկյուն Ամուսնաընտանեկան հարաբերությունների Քրիստոնեական մոդելը ներկայացնող մի քանի հիմնահարց

Քրիստոնյա հոգեբանի անկյուն
Ամուսնաընտանեկան հարաբերությունների Քրիստոնեական մոդելը ներկայացնող մի քանի հիմնահարց

Ամուսնության և ընտանիքի խորհրդին բնորոշ է հոգևոր մոտեցման երկու չափանիշ:

Առաջինն այն բանի գիտակցումն է, որ ի սկզբանե ամուսինը և կինը հոգևոր առումով մեկ են: Երկրորդ չափանիշը նույնպես ընդունելի է, բայց մեկ աստիճան ցածր կարելի է համարել. այն թույլ է տալիս երկրորդ և ավելի ամուսնությունը՝ ամուսիններից մեկի մահվան կամ ծայրահեղ պայմանների (երկարատև հոգեկան հիվանդություններ, ամուսնական զույգի երկարատև (7 տարի և ավելի) բացակայություն, շնություն) դեպքում:

Մենք հատուկ ցանկանում ենք առանձնացնել վերջինը, որը ամուսնաընտանեկան հարաբերությունների ամենակնճռոտ հարցերից մեկը կարող ենք համարել: Մի՞շտ է արդյոք ամուսնական զույգին հաջողվում հավատարիմ մնալ սեփական ընտրությանը և նպաստավոր պայմաններ չստեղծել պատվիրաններից յոթերորդի («Մի՛ շնացիր») խախտման համար:

Քրիստոնեական մոդելի բովանդակությանը հավատարիմ մնալով՝ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել անառակության աստվածաշնչյան բնորոշումը:

Յուրաքանչյուր հոգի, ինչպես և յուրաքանչյուր ընտանիք, ենթարկվում է որոշակի փոփոխությունների՝ հայտնվելով ոչ կառուցողական, քայքայող իրադրություններում: Եվ այդ փլուզումը ներկայացվում է որպես մեղքի արդյունք: Բայց այն հարվածը, որն ուղղված է ընտանիքի կազմալուծմանը, շատ հաճախ ակնկալվում է անառակության կրքի ազդեցության ձևով:

«Որովհետև պոռնիկ կնոջ շուրթերից մեղր է ծորում, որ առժամանակ պարուրում է քիմքդ, բայց հետո զգում ես, որ ավելի դառն է, քան լեղին, և ավելի սուր, քան երկսայրի սուրը: …

Քո ճանապարհները հեռացրու նրանից, և մի՛ մոտեցիր նրա տան դռներին…: Թող հետո այնպես չլինի, որ երբ մարմնիդ անդամները մաշվեն, զղջաս և ասես, թե՝ «Ինչո՞ւ ես ատեցի խրատը…» (Առակներ Ե 3, 4, 7, 11):

Սրա կողքին բավականին ծիծաղելի են թվում այն կոչերը, որոնք արվում են այն մարդու հասցեին, ով թողել է իր ընտանիքը մեկ ուրիշի ուշադրությանն արժանանալու համար. «Դու բարոյական քայլ չես կատարում, չէ՞ որ երեխաներ ունես»: Նման բարոյախրատական արտահայտությունները, որպես կանոն, ոչ մի արդյունք չեն տալիս: Այդ մարդու դիրքերից կարելի է պատասխանել. «Ես ոչինչ չեմ կարող անել, այս վիճակին տիրապետելը վեր է իմ ուժերից…»:

Ողջախոհության հիմքը, նախադրյալը համարվում է ամոթը: Եվ մի բան է, երբ ամոթը վերածվում է նևրոզի, որը ջլաքանդ է անում մարդու ուժերը, մի բան է, երբ խոսվում է, ասենք, բարեպաշտ աղջկա ամոթխածության մասին, որն իր մեջ ներառում է և՛ ողջախոհության, և՛ անարատության, և՛ կանացի արժանապատվության բովանդակությունը, և այստեղ ոչ մի նևրոզ չկա:

Շատերը կարծում են, որ եկեղեցին անառակությունն արգելում է, որովհետև այն դեմ է քրիստոնեական բարոյականությանը: Բայց հարցը միայն սրանով չի եզրափակվում: Ամուսնության մեջ տղամարդը և կինը կազմում են մի յուրահատուկ ամբողջություն, միություն, իսկ անառակությունը կարծես այն ճաքն է, «սև անցքը», որի պատճառով ամեն բան կարող է փլուզվել: Մեր նպատակը ոչ այնքան անառակության և դրան բնորոշ հատկությունների առանձնացումն է, որքան ամուսնաընտանեկան հարաբերություններում սիրո և դրա պահպանմանն ուղղված կենսաձևի մեկնությունը:

Ամուսնության մեջ, թերևս, ամենաահավորը սիրո կորուստն է: Դա է պատճառը, որ բոլոր ուժերը պետք է միտված լինեն սիրո և հոգևորության պահպանմանը: Իսկ սիրո բնորոշումն Աստվածաշնչում շատ հստակ է ներկայացված. «Աստված սեր է» (Ա Հովհաննես Դ 8):

Սերն ունի իր գովասանքը, որտեղ ներկայացվում է նրա գերազանցությունն այլ պարգևներից: Սերն այն իրական պարգևն է, որը կարող է բարեպաշտների համար ամուսնության անկյունաքարը լինել: Սիրո աստվածաշնչյան մեկնաբանությամբ էլ ցանկանում ենք ամփոփել մեր աշխատանքը՝ համոզված լինելով, որ կատարելության հասնելու ճանապարհը ինչ-որ անիրական և միստիկ բովանդակություն չէ, այլ ամենօրյա ճշմարիտ կենսաձևի արդյունք. «Սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում: Սերը երբեք չի անհետանում…» (Ա Կորնթացիներ ԺԳ 4-9):

Արմինե ՎԱՀԱՆՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում