Ինքս մարազմատիկ ժանրի մեծ սիրահար եմ, բայց ոչ այս աստիճան. Արման Գևորգյանը՝ էկրանային բացակայության և այսօրվա հումորային նախագծերի մասին

Ինքս մարազմատիկ ժանրի մեծ սիրահար եմ, բայց ոչ այս աստիճան. Արման Գևորգյանը՝ էկրանային բացակայության և այսօրվա հումորային նախագծերի մասին

Ընդամենը մի քանի տարի առաջ նրանց սերունդը էկրանային հումորային նախագծերի ֆավորիտն էր, սակայն ինչպես յուրաքանչյուր ոլորտում, սերնդափոխությունն անխուսափելի էր: Նախկին «32 ատամ»-ցիների մի մասն այսօր շարունակում է մնալ էկրաններին, մի մասն էլ օվկիանոսից այն կողմ է փնտրում հաջողության իր բանալին: Հայաստանում բնակվող, բայց էկրաններից բացակայողներն էլ քիչ չեն. նրանք էլ իրենց հետաքրքրությունն են գտել բնագավառին մոտ մեկ այլ գործունեության մեջ:

Aysor.am-ը մերօրյա հումորային շուկայի բացերի ու առավելությունների, դաշտում տիրող ամենաթողության ու էկրանային բացակայության մասին է զրուցել դերասան, շոումեն Արման Գևորգյանի հետ:

– Արման, վստահ եմ` վերջին շրջանում Ձեր բոլոր հարցազրույցների ժամանակ Ձեզ առաջնահերթ այս հարցն են տալիս՝ ինչո՞ւ չեք երևում հեռուստաէկրաններին:

– Հեռուստաէկրանին երևալ՝ դա դեռ չի նշանակում լինել գագաթնակետին կամ փայլել, կամ ներկայանալ այն ասելիքով, որն այսօր պետք է լսի հանդիսատեսն ու հեռուստադիտողը: Շատերն են հեռուստաէկրանին, ու ի՞նչ (ժպտում է՝ հեղ.):

– Այնուամենայնիվ, էկրաններ վերադառնալու մասին չե՞ք մտածում:

– Հատուկ այդ մտքի վրա սևեռված չեմ, իսկապես՝ չեմ մտածում, քանի որ, նախ ուզում եմ հեռուստատեսությունն իր ամբողջ էությամբ քայլի դեպի դրականը, դեպի որակյալն ու ուսուցողականը: Միգուցե այս տարիքում եմ արդեն այսպես մտածում, գուցե տարիներ առաջ ինձ այդքան այս հարցը չի անհանգստացրել, քանի որ այն ժամանակ երեխաներ չեմ ունեցել: Իսկ հիմա իսկապես ցանկանում եմ, որ երեխաներս որակյալ նյութ տեսնեն էկրաններին: Ու ոչ միայն երեխաները, այլ նաև մենք՝ մեծահասակներս: Ինքս մարազմատիկ ժանրի մեծ սիրահար եմ, բայց ոչ այս աստիճան: Եվ հետո, ցավոք նկատում եմ, որ հեռուստատեսությունը մեռնում է…

– Բացառություններ չկա՞ն:

– Դե իհարկե, ասածս միանշանակ չէ, հավանաբար, մի քանի բացառություններ կլինեն, բայց քանի որ հեռուստացույցից բոլորովին հրաժարվել եմ ու չեմ նայում, չեմ կարող նշել, թե կոնկրետ որոնք են այդ բացառությունները (ժպտում է՝ հեղ.): Հավատացեք, անձամբ ես գրեթե հեռուստացույց չեմ միացնում: Եթե միացված է, ուրեմն մուլտֆիլմ կամ մանկական ու ոչ հայկական ալիք են դիտում դստրերս:

– Կարելի՞ է ասել՝ Ձեր տեղը զիջել եք նոր սերնդին:

– Երբ փորձեմ իմ տեղը զիջել նոր սերնդին, ուրեմն դա կնշանակի, որ ես արդեն վաթսունն անց երիտասարդ եմ (ծիծաղում է՝ հեղ.): Նոր սերնդին տեղս զիջելուն դեռ մի 25 տարի ունեմ: Եթե, իհարկե, նորը, դա նույն մոռացված հինն է լինելու:

– Հետևո՞ւմ եք այսօրվա հումորային մշակույթին: Օբյեկտիվորեն՝ Ձե՞ր սերունդն է զիջում, թե՞ նոր սերունդը:

– Հումորային մշակո՞ւյթ (ծիծաղում է՝ հեղ.) Լավ էր ասված… Հետևում եմ, ինչքանով, որ հասցնում եմ: Այ որ Ձեր նշած «մշակույթ» ասվածին համապատասխան լիներ այսօրվա մակարդակը, իսկապես կհետևեի: Պապայի արև (ծիծաղում է՝ հեղ.):

– Արման, Ձեր ընկերներից, գործընկերներից ոմանք վերջին 1-2 տարիների ընթացքում Հայաստանից հեռացան: Դերասան-շոումենների գործն այսօր այստեղ այդքան վա՞տ է, որ բռնում են արտագաղթի ճանապարհը: Հատկապես, որ հումորային նախագծերը, սիթքոմները, կարծես թե, մեծ պահանջարկ ունեն:

– Նրանցից շատերը գնացին այլ երկրներ՝ հույսի և գունավոր պատկերացումների ակնկալիքով: Տա Աստված՝ նրանց հույսերն իսկապես արդարանան: Գիտեք, իրականում, շատ բծախնդիր և պրոբլեմատիկ բնագավառի ներկայացուցիչներ ենք մենք, ու մեր բնագավառում «դուրսն» ու «ներսը» չի փրկում: Միևնույնն է՝ ուշ, թե շուտ, բոլորս էլ հասկանալու ենք, որ հումորի ոլորտում որոշակի սահման գոյություն ունի, որից առաջ անցնել, պարզապես, չի ստացվելու: Եթե, իհարկե, պետք է աշխատենք միայն հայ լսարանի համար: Իսկ հումորային նախագծերն ու սիթքոմները, կարծում եմ, մեծ պահանջարկ ունեն միայն մի քանիսիս ենթադրության շրջանակներում: Մեծ մասով, ազգիս դա չի հետաքրքրում:

– Ի դեպ, ինքներդ պատրաստվո՞ւմ եք բռնել տղաների ճանապարհը:

– Ես մի քանի անգամ արդեն բռնել եմ այդ ճանապարհը, բոլորից ավելի շուտ, քանի որ նմանատիպ հարցերում միշտ շուտ եմ կողմնորոշվում և մի քանի քայլ առաջ եմ անում այն ամենն, ինչն այսօր նոր են փորձում անել ընկերներս: Եթե նախօրոք թվարկածս քայլերն արած չլինեի, վստահ չէի կարող պատասխանել նախորդ հարցին (ժպտում է՝ հեղ.):

– Գիտեմ, որ տարբեր կորպորատիվ միջոցառումներ եք կազմակերպում ու վարում: Եկամուտի առումով՝ արդյունավե՞տ աշխատանք եք համարում: Հնարավո՞ր է միայն այդ գործունեությամբ ընտանիք պահել:

– Իմ փրոդաքշնը և՛ կազմակերպում է ամբողջական մասով բոլոր տեսակի միջոցառումները, և՛ ինքս վարում եմ ցանկացած միջոցառում: Իսկ արդյունավետ եմ համարում այնքանով, որ, այո՛, լիարժեք կարողանում եմ հոգալ և ապահովել իմ ու ընտանիքիս բոլոր կարիքները:

– Եթե գաղտնիք չէ, ի՞նչ արժի մեկ միջոցառման կազմակերպումն ու վարումը:

– Գաղտնիք չէ, իհարկե, ինտրիգաների սիրահար չեմ գործունեությանս մեջ: Ցանկացած միջոցառում վարում եմ 300-ից 400 հազար դրամի սահմաններում:

– Ո՞րն է գնային տարբերության քաղաքականությունը:

– Դա կախված է մի քանի գործոններից: Նախ նշանակություն չունի մարդկանց քանակը, քանի որ 10 հոգու և 1000 հոգու համար նույն չափով էներգիա եմ վատնում և ծրագրի նույն կետերն եմ իրականացնում: Եթե ծառայությունների ամբողջական մասով նույնպես իմ թիմը պետք է կազմակերպի և մատուցի, ապա, բնականաբար, վարելու համար փոքր-ինչ թեթև կլինի կոնկրետ իմ հոնորարը:

– Ընկերների, ծանոթների դեպքում զեղչեր լինո՞ւմ են:

– Իհարկե, նման բացառություններ լինում են իմ հոնորարի մասով, երբ ինձ են դիմում իմ ընկերներն ու շատ մոտ մարդիկ: Եվ հետո, լինում են բացառություններ նաև բոլորովին անծանոթ պատվիրատուների շրջանակներում, երբ զգում եմ, որ պատվիրատուն կոնկրետ ինձ ու իմ որակն է նախընտրում, բայց նաև ի վիճակի չէ իմ նշած գումարի չափը վճարել: Նմանատիպ իրավիճակներում նույնպես շարժվում եմ, այսպես ասած, ժողովրդիս սրտով:

– Հետաքրքիր է՝ ի՞նչ պահանջներ են առավել շատ դնում հայ պատվիրատուները (շատ կենացներ, անեկդոտներ, պատմություններ…):

– Ծրագրում անեկդոտներ չէ, բայց կոնկրետ ինձանից հումոր ակնկալում են պատվիրատուները՝ հաշվի առնելով իմ բնագավառն ու պրոֆիլը: Բայց ես ճիշտ եմ համարում միջոցառումներն անց կացնել դասականի և ժամանակակիցի միքսային խառնուրդի մեջ, ինչը և՛ հաճելի է, և՛ ցանկալի, և՛ գրագետ: Իսկ հումորային մասը մնում է միայն իրավիճակային իմպրովիզի վրա:

– Կհիշե՞ք որևէ զավեշտալի դեպք, որ պատահել է Ձեզ հետ աշխատանքի ընթացքում:

– Ամենազավեշտալի վերջին դեպքը, որ պատահել է ինձ հետ աշխատանքի ընթացքում, 2017 թվականի դեկտեմբերի 15-ին է եղել: Հարսանյաց երեկոյի ընթացքում գործընկերուհիներիցս շնորհալի երգչուհի Աստղիկ Տեր-Տաճատյանն իր իսկ կամքով մասնակցեց հարսիկի կողմից իրականացվող «ծաղկի նետում» արարողությանն՝ այն ակնկալիքով, որ գոնե այս անգամ իրեն բաժին կընկնի այն ծաղկեփունջը, որը խորհրդանշում է մոտակա ամուսնությունը: Ահագին ծիծաղեցինք, շատ պոզիտիվ երեկո ստացվեց (ժպտում է՝ հեղ.):

– Արման, մի պահ Արմեն Թադևոսյանի հետ էիք համագործակցում: Ինչո՞ւ ընդհատվեց համագործակցությունը:

– Այո՛, իմ կողմից շատ հարգված և բանիմաց ընկեր-գործընկեր Արմեն Թադևոսյանի հետ նույնպես որոշ ժամանակ ներկայացրեցինք մի ժանր, որի անունն է «Ստենդ Ափ»: Մենք մեծագույն սիրով էինք աշխատում և հանդիսատեսին ներկայացնում մեր աշխատանքը: Բայց մի քանի ներկայացումից հետո հասկացանք, որ հանդիսատեսը դեռ չի ընկալում այս ժանրը: «Չխեղդեցինք» հանդիսատեսին, թողեցինք, որ ինքը իր իսկ ուժերով, հանգիստ տեմպի մեջ հասնի ընկալման այն աստիճանին, երբ իր ոտքով, իր անկեղծ ցանկությամբ կգա այս ժանրը վայելելու: Եթե, իհարկե, կարելի է այս ժանրը վայելել… Իրականում, սա մի ժանր է, որը նույնիսկ Ռուսաստանի պես ամեն առումով կամ բոլոր առումներով մեծ դաշտում չի լինում վայելել: Այսինքն՝ նույնիսկ Ռուսաստանում այս ժանրը մեդիամագնատների և պրոֆեսիոնալ իրականացնողների կողմից չի համարվում նպատակ, այլ համարվում է պարզապես համեմունք: Իսկ մենք փորձում ենք Հայաստանում այս համեմունքը դարձնել կոնկրետ ուտեստ, ինչը, կարծում եմ, կամ չի ստացվի, կամ ժամանակը ցույց կտա:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում