Հայոց նահատակների կանչը. Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ
Նմանատիպ
Քրիստոնէական վարդապետութեան անխոնջ սպասաւորն ու նրա քաջակորով ու արի պաշտպանն ու տարածիչը Ս. Պօղոս առաքեալ Եբրայեցիներին գրած իր նամակի մի հատւածում բացատրում է մարդկային կեանքի առանցքը եղող հաւատը, ասելով.- «Ի՞նչ է հաւատը: Հաւատ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդէպ յոյս ունենք, եւ համոզւած լինել այն բաներին, որոնք չեն երեւում» (Եբ. 11:1)
Առաքելական այս խորհրդածութիւնների լոյսի տակ երբ դիտում ենք մեր ժողովրդի անցեալ հազարաւոր տարիների կեանքը, բայց մանաւանդ վերջին երկու հարիւր տարիների ապրած կեանքը, վստահաբար պիտի տեսնենք որ այդ կեանքը այդքան էլ տարբեր չի եղել առաջին դարերի եկեղեցու հաւատացեալների կեանքից, որից հալածանք ու նեղութիւնը, չարչարանքն ու սպանդը, սուրն ու կրակը, բռնագաղթն ու սովը անբաժան են եղել:
Մենք էլ այս օրերին երբ ապրում ենք խորհուրդովը մեր աւելի քան մէկ ու կէս միլիոն նահատակների, վկաների մարտիրոսութեան, կոչւած ենք դիտելու մեր կեանքը, մեր առաքելութիւնն ու կոչումը այդ վկաների մարտիրոսութեան պրիսմակից: Քրիստոնէական լեզւամտածողութեան մէջ վկայ նշանակում է նահատակ. վկան նա է ով իր կեանքով վկայում է իր հաւատին, հայրենիքին, աստւածային ճշմարտութիւններին: Մեր եկեղեցու եւ ժողովրդի մեծ վկաները եղան Վաչէ Մամիկոնեանն ու իր զինակիցները, որոնք հայրենիքի ու կրօնի պաշտպանութեան ճանապարհին զոհւեցին: Մեծ վկաներն են Վարդան Մամիկոնեանն ու իր զինակիցները, ովքեր հերոսաբար նահատակւեցին Աւարայրի հաւատամարտին «Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»: Մեր աւելի քան մէկ ու կէս միլիոն նահատակներն էլ մեր նոր օրերի վկաներն են հաւատի եւ հայրենիքի:
Մենք էլ ուրեմն որ այսքան բազմաթիւ վկաներով ենք շրջապատւած, պէտք է մէկ կողմ թողնենք ամէն դժւարութիւն եւ մեղք, որ հեշտութեամբ պաշարում է մեզ, եւ համբերութեամբ պայքարենք մեզ ներկայացող փորձութիւնների դէմ, մեր աչքերը միշտ ուղղելով Յիսուսի՝ մեր հաւատի հիմնադրին եւ այն կատարելագործողին:
Այո՛, «մէկ կողմ թողնենք մեղքը»; ինչ է մեղքը, մեղք է տկարանալը քրիստոնէական մեր հաւատի մէջ, մեղք է անտարբեր լինել մեր հայերէն լեզւի ու պատմութեան նկատմամբ, մեղք է միմեանց չարաբանելն ու յետնախօսութիւն անելը, մեղք է հայրենիքի նկատմամբ անտարբերութիւնը, մեղք է չիմանալը մեր մէկ ու կէս միլիոն նահատակների եղեռնապատմութիւնը եւ վերջապէս մահացու մեղք է մեր պատմական իրաւունքների ձեռքբերման պայքարում նահանջելը կամ տկարանալը:
Հարկ է մէկ կողմ թողնել մեղքը եւ համբերութեամբ պայքարենք մեզ ներկայացող փորձութիւնների դէմ: Այսօրւայ աշխարհը լի է փորձութիւններով, անկատարութիւններով եւ անկատար մարդոցմով, որոնք գործում են անձնական հետաքրքրութիւններից եւ շահերից մեկնելով, մեկդի թողած բարոյականութեան, ճշմարտութեան եւ իրաւունքների ամէն չափանիշ եւ հասկացողութիւն:
Փորձութիւն է հաճոյապաշտութիւնն ու հաճոյամոլութիւնը, փորձութիւն է անտարբերութիւնը հանդէպ մեր հոգեւոր ու ազգային արժէքների նկատմամբ, մեր սեփական պատմութեան եւ մշակութային արժէքների պահպանման նկատմամբ:
Մեծապետական պետութիւնները մի կողմից գործում են աստւածային օրէնքների դէմ եւ միւս կողմից փորձում են իրենք իրենց ցոյց տալ իբրեւ պաշտպանը մարդկային իրաւունքների, մի կողմից ստիպում ենք ոճրագործներին ներողութիւն խնդրելու ինը զոհերի համար, թերեւս արդարացի կերպով, միւս կողմից քաջալերում են մեծ ոճրագործին որ յամենայ իր իսկ հայրերի գործած աշխարհի առաջին Ցեղասպանութեան զոհերի ժառանգներին նւազագոյնն ներողութիւն ասելու, ճանաչելով իրենց գործած ոճիրը: Որքան գեղեցիկ են Յիսուսի հետեւեալ խօսքերը ասւած Փարիսեցիներին եւ օրէնքի ուսուցիչներին. «Վա՜յ ձեզ, կեղծաւորներ՝ օրէնքի ուսուցիչներ եւ փարիսեցիներ, որ մի կողմից յափշտակում էք այրիների տներն իրենց ձեռքից, իսկ միւս կողմից կեղծաւորութեամբ երկարացնում էք ձեր աղօթքը», «որ տալիս էք անանուխի, Սամիթի ու չամանի տասանորդը բայց անտեսում էք օրէնքի կարեւոր պարտաւորութիւնը՝ արդարութիւնը, ողորմութիւնը եւ հաւատարմութիւնը», «որ նման էք կրով սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, բայց ներսից լեցուն են մեռելների ոսկորներով եւ ամէն տեսակ պղծութեամբ; Նոյնպէս դուք, դրսից մարդկանց արդար էք երեւում, բայց ներսից լի էք կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ» (Մտ 23:14,23,27-28):
Երկու հազար տարի առաջ ասւած այս խօսքերը գեղեցկօրէն պատշաճեցւում են այսօրւայ աշխարհի ղեկավարութեան, որ մի երկրամասում իբրեւ թէ պաշտպանում են խաղաղութիւնն ու արդարութիւնը ընդդէմ արկածախնդիր ահաբեկչութեան, սակայն մի այլ երկրում քաջալերում ու պաշտպանում են նոյն արկածախնդիր ահաբեկչութիւնը ի հեճուկս ոճրագործ այլ պետութեանց:
Աշխարհի գնահատանքի եւ արդարութեան չափանիշները հիմնովին փոխւել են: Ցեղասպան թուրքը ողջ իր պատմութեան մէջ գործել է իբրեւ առիւծ, վագր, գայլ ու յափշտակող եւ սակայն փորձած է միշտ աշխարհին ներկայանալ իբրեւ խաղաղասէր, արդարամիտ եւ մարդկային իրաւունքների պաշտպան պետութիւն կտրականապէս մերժելով եւ ժխտելով Հայոց Ցեղասպանութիւնը:
Այսօր նա աշխարհին ներկայանում է խորամանկ աղւէսի կերպարով եւ կոչ է անում աշխարհի «արդարամիտ» եւ «հաւասարակշռւած» պատմաբաններին քննելու Հայոց Ցեղասպանութեան հետ կապւած հարցերը; Այո՛, ասում է ջարդեր կոտորածներ եղել են, սակայն դրանք երկուստեք են եղել, հայերն էլ ջարդել են թուրքերին, հետեւաբար հարկ է հարցը ուսումնասիրել փորձագէտների միջոցաւ: Բայց մինչ այդ նա պատմական Հայաստանի բոլոր մնացեալ եկեղեցիներն ու յուշարձանները քանդելու իր յամառ աշխատանքը շարունակում է, բացառաբար մէկ-երկու պարագաներից:
Ահա թէ այսօր ցեղասպանը ինչ ձեւերով կ՛ուզէ Հայոց Ցեղասպանութեանն անուրանալի ճշմարտացիութիւնը ստւերոտել: Եւ սա իրեն համար նոր օրերի նոր առաքելութիւն է, որին լծւած է եւ որի իրագործման համար միլիարդաւոր տոլարներ է յատկացրել, փորձելով կաշառել եւ ուղղակիօրէն «գնել» նոր օրերի համալսարանների դասախօսներն ու պատմաբանները:
Մենք որպէս ժառանգորդները Ցեղասպանութեան զոհերին, ո՞րտեղ ենք կանգնած ի տես եւ ի լուր այս բոլորին:
Յաճախ յիշեցուցած ենք եւ շարունակում ենք յաշեցնել, որ իւրաքանչիւր հայու համար, ամէն օրը ցեղասպանութեան յիշատակի ոգեկոչման առիթ է, քանի որ այն մեր լինելութեան եւ գոյութենական պայքարի հետ սերտօրէն առնչւած ճշմարտութիւն է:
Հայօրէն ապրելը, քրիստոնէական հաւատով գործելը, հայրենիքի սիրով ստեղծագործելը ամէն մի հայի պարտականութիւնն է, սակայն այդքան հերիք չէ. ամենից էականը հոգեկան հաղորդակցութիւնն է մեր նահատակների հետ. մեզանից քանի հոգին մտաբերում եւ ապրում են այն տառապանքը, ցաւը, դառն վիշտն ու անպատմելի մղձաւանջը, որ ապրեց ամէն մի հայ, մանուկ, պատանի, երիտասարդ, տարեց եւ ծեր երբ իրեն հաղորդւեց իր հայրենի գիւղից, քաղաքից բռնի տեղահանութեանն գոյժը: Կարելի է պատկերացնել ինչպիսի սարսափ, անասելի վշտի զգացում ապրեցին նրանք երբ արցունքոտ աչքերով իրենք իրենց ետին թողեցին իրենց տունն ու տեղը, դաշտն ու լեռը, ձորն ու բլուրը եւ անդարձ գաղթականի ցուպը ձեռքերնին դէպի անորոշութիւն քալեցին:
Այո՛, յիշել նշանակում է ապրել ու զգալ այդ բոլորը, որպէսզի ալեկոծւի մեր միտքն ու հոգին եւ ալեկոծեալ էութեամբ շարունակենք մեր կեանքի գոյապայքարը յանուն մեր իրաւունքների ձեռք բերման, յանուն պահանջատիրական ոգու առողջ պահպանման:
Չմոռանանք որ մեր պատմութեան դժբախտ դէպքերն ու երեւոյթները մեզ սովորեցրին ոչ միայն յաղթել դժւար պայմանների, այլեւ վերանորոգել մեր ապրելու ու գոյատեւելու կամքն ու վճռակամութիւնը:
Մեր ժողովուրդը իր դարաւոր պատմութեան ընթացքին միշտ գիտցած է իր պարտութիւնը վերածել յաղթանակի, ձախողութիւնը յաջողութեան, իսկ բռնագրաւումներն ու գաղթը միասնականութեան, հերոսութեան եւ սխրագործութեան եւ սա հաւատում ենք որ Ս. Հոգու ներգործութեամբ է որ իրագործւել է եւ իրագործւում: Վկայ ցեղասպանութեան յաջորդող ժամանակահատւածի մեր պատմութիւնը, պայքարը մեր ժողովրդի իր հայրենիքի անկախութեան համար, Մայիսեան փառապանած յաղթանակներու պսակը եղող Հայաստանի Անկախութիւնը, որին ի տես հայոց բանաստեղծը գրում է.-
Յարութեան շունչն է ահա, ջարդակոտոր ա՛զգըդ իմ,
Հորիզոնէն ծայր տւած՝ որ կը փչէ մարմնոյդ վրայ…
Քու արիւնէդ բողբոջած խոտը քեզի քսուելով՝
Պիտի տայ քեզ նոր կեանքի գըթոտ գգուանքն առաջին,
Մինչ, կառչելով դուն անոր, յամըր սակայն ապահով
Շարժմամբ մ՛ոտքի պիտ՛ ելլես՝ թափած պատանքը հողին….
Եւ զօրացած, աղուորցած՝ հունձքի գիշեր մը երբոր
Դուն գորովով կը հսկես զաւակներուդ վրայ կայտառ
Որ արտին մէջ կը նիրհեն,- ահա՛ աստղերը բոլոր,
Ո՛վ Յարուցեալ, կը հիւսեն գլխուդ պըսակ մը պայծառ…
Այսօր աշխարհը որեւէ մէկ ժամանակից աւելի երկունքի մէջ է. ամէն ինչ կանխատեսելի է եւ ոչ մի բան անշարժ ու անփոփոխ չէ: Նոր տէրութիւններ ծնունդ են առնում, հին գերպետութիւններ կործանւել են ու նորեր կործանումի սեմին են: Հարկ է արթուն եւ զգաստ լինել եւ հետեւել ժամանակի ու պատմութեան նշաններին որպէսզի դրանցով առաջնորդւենք: Հարկ է արթուն մտքով աշխարհին ահազանգել Հայոց Ցեղասպանութեան անժամանցելիութիւնն ու այն հատուցելու հրամայական պահանջքը ի սէր եւ ի խաղաղութիւն աշխարհի: Ահազանգն այդ լինելու է օտարին, օտարներին, մեր հարեւանին ու մերձաւորին ծանօթացնելով մեր պատմութիւնը, մշակոյթը եւ մեր բերած մեծ նպաստը մարդկային քաղաքակրթութեան:
Այս բոլորը անելու եւ իրագործելու համար ամէն մի հայ պէտք է բաց նամակ ու գիրք լինի, իր պատմութեան որպէսզի կարողանայ դառնալ միաժամանակ պահանջատէր դեսպան, առաքեալ ու պաշտպան իր ժողովրդի անժամանցելի իրաւունքներին:
Յիշենք ու խոնարհւենք մեր աւելի քան մէկ ու կէս միլիոն նահատակների յիշատակի առաջ եւ ուխտենք հաւատարիմ մնալ նրանց արիւնոտ կտակին, շարունակելով, առաքեալի բառերով,«Բարի մեր պատերազմը» պայծառ տեսիլքով մեր ամբողջական հայրենիքին իր ամբողջական ժողովրդով:
Փա՜ռք մեր նահատակներին եւ հազար փ՜առք վերածնւած մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռ աշխարհի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում