ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդմաը կոչ է արել Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նմանատիպ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային’ կոչ անելով Հայոց Մեծ Եղեռնին նվիրված իր ամենամյա ուղերձում այն որակել որպես «ցեղասպանություն»:
«Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եւ դրանից հետո Օսմանյան կայսրությունը փորձել է ոչնչացնել Արեւելյան Անատոլիայի հայ բնակչությանը: Ցավոք, դեռ շատերը հերքում են, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրականում տեղի է ունեցել’ չնայած այդ փաստը ճանաչվել է աշխարհի պատմաբանների, այդ թվում’թուրք պատմաբանների կողմից: Քանի որ մոտենում է այդ ողբերգական իրադարձությունների 98-րդ տարելիցը, ես կոչ եմ անում Ձեզ Հայոց ցեղասպանությունը հռչակել որպես կատարված փաստ և Ձեր ամենամյա ուղերձում այդ վայրագությունները կոչել «ցեղասպանություն»,- նշված է Սպիտակ տանն ուղղված նամակում:
Կոնգրեսականը հիշեցրել է, որ, որպես սենատոր, Օբաման մեծապես աջակցել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը և ընդգծել, որ ԱՄՆ-ի անունը երբեք չպետք է կապված լինի Ցեղասպանության ժխտման հետ: Շերմանը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգների ազգային շահերից է բխում ճանաչել եւ հիշել անցյալը. «Մենք պետք է դասեր քաղենք այս մարդկության հանդեպ իրականացված հանցագործություններից, որպեսզի դրանք այլևս երբեք չկրկնվեն: Ցանկացած ցեղասպանության վերջին քայլը ցեղասպանության հերքումն է, իսկ հաջորդ ցեղասպանությունը կանխելու առաջին քայլը’ անցյալում իրականացված ցեղասպանության ճանաչումը: Վաղուց արդեն ժամանակն է, որ Միացյալ Նահանգներն աջակցի այս հարցի լուծմանը եւ հաստատի այն, ինչ պատմությունն ապացուցել է: Ես կոչ եմ անում Ձեզ, պարոն նախագահ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և վերջ տալ ժխտողական քաղաքականությանը»,- ամփոփել է արդեն երկար տարիներ Հայկական հարցի լուծման ջատագով Բրեդ Շերմանը
Հետևեք մեզ նաև Telegram-ում