Հույս

Հույս

Ուշ է, Նա թակում է դուռը փակ,
Նա է, ում սպասում ես շարունակ,
Նա է, ով փրկում է Քո հոգին,
Պարանոցից հանում դեղին
Հոգեվարքից կապված պարանը,
Պատսպարում է Քեզ վշտից`
Թևազուրկ այդ թռչունից…

Հույսն է ապավենը մենության,
Հույսն է, որ կերտում է ապագան,
Հույսն է, որ վերջին պահին կրկին
Կորուստների ճանապարհին
Փրկության լույսով ժպտում է,
Եվ այդ հույսը փրկության
Քո նշխարքն է հաշտության…

Լուռ է, սենյակի դռները` փակ,
Ստվերն է Քո ճոճվում պատին սպիտակ,
Հուշն է սղոցում վհատ հոգիդ,
Երբ կիթառի լարերը հին
Գիշերվա մեջ տրոփում են,
Եվ հազար-հազար երգեր
Պատերից հնչում են դեռ…

Այս ցնորված մնջախաղի
Անզոր դիմախաղով`
Շարժվում են մեր ստվերները
Կյանքի բեմի եզրով,
Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում,
Թողնում հույսի կապույտ թևերը Ձեզ,
Իրենք անհետանում…

Ինչ ես այս կյանքի բեմում ճոճվող,
Ո՞ւմ ես իսկապես Դու հարկավոր,
Ի՞նչն է, որ Քո կյանքն է ավիրում,
Օրացույցին է սևագրում
Գուրգուրած Քո երազները,
Եվ նկարդ մեծացնում` փակում սև շրջանակում…

Ուշ է, Նա թակում է դուռը փակ,
Նա է, ում սպասում ես շարունակ,
Նա է, ով փրկում է Քո հոգին,
Պարանոցից հանում դեղին
Հոգեվարքից կապված պարանը,
Պատսպարում է Քեզ վշտից`
Թևազուրկ այդ թռչունից…

Այս ցնորված մնջախաղի
Անզոր դիմախաղով`
Շարժվում են մեր ստվերները
Կյանքի բեմի եզրով,
Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում,
Թողնում հույսի կապույտ թևերը Ձեզ,
Իրենք անհետանում…

Խոսք և երաժշտություն՝ Արթուր ՄԵՍՉՅԱՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում