Կյանքը մահվան շեմին

Կյանքը մահվան շեմին

Այսօր աշխարհի երկրների մեծ մասը սահմանադրությամբ հռչակված է իբրև աշխարհիկ երկիր, և դրանց հասարակությունն էլ բնույթով աշխարհիկ է: Չնայած այս ամենին՝ այդ երկրներում կրոնը չի կորցրել իր կարևոր դերակատարությունը: Տարբեր կրոններ, ի դեմս իրենց առաջնորդների, շարունակում են հրապարակայնորեն արտահայտել իրենց դիրքորոշումը հասարակությանը հուզող ամենատարբեր խնդիրների և մարտահրավերների նկատմամբ: Որոշ դեպքերում կրոնական առաջնորդի ազդեցությունը կարող է հատել-անցնել տվյալ կրոնի հետևորդների սահմանը (օրինակ՝ մեր օրերում Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Դալայ Լաման և այլք): Ասել է թե՝ շատ դեպքերում պետական կառույցներն էլ ստիպված են հաշվի նստել տվյալ երկրում ներկայացված կրոնական տարբեր ուղղությունների հետ այս կամ այն հարցում: Խնդիրն ավելի հստակ է կրոնական առումով միատարր բնակչություն ունեցող երկրների դեպքում, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է:

Այժմ դիտարկենք քրիստոնեական դիրքորոշման առանձնահատկությունները խնդրո առարկա հարցի՝ կյանքի վերջի իրավիճակներում որոշումների կայացման հարցերում: Այն ուղղակիորեն կապված է քրիստոնեության՝ մահվան ընկալման հետ: Հայտնի է, որ քրիստոնեությունը դարեր շարունակ միակուռ չի եղել, և ներկայումս էլ, օրինակ, բիոէթիկայի շրջանակում դիտարկվող տարբեր հարցերի նկատմամբ տարբեր դավանանքների ներկայացուցիչներ տարբերվող, երբեմն էլ՝ հակասական դիրքորոշում ունեն (օր.՝ դիակիզում, աբորտ և այլն): Քրիստոնեության այդ ուղղությունները կարելի է բաժանել 2 մեծ խմբի՝ ավանդական և բողոքական եկեղեցիներ:

Ավանդական եկեղեցիներն այս խնդիրների նկատմամբ իրենց դիրքորոշումները հստակեցնում և արտահայտում են՝ հիմնվելով Սուրբ Գրքի և սրբազան ավանդության՝ տվյալ հարցի շուրջ պարունակած ուղղակի կամ անուղղակի անդրադարձների վրա:

Մինչդեռ բողոքական ուղղություններն իբրև հիմք ընդունում են միայն Աստվածաշունչը, թեև շատ հաճախ մեծ դեր է խաղում առաջնորդի հայտնած դիրքորոշումը: Պարզ է, որ երկու դեպքում էլ Աստվածաշունչը մնում է այն անառարկելի աղբյուրը, որի վրա հիմնվում են բոլոր քրիստոնեական ուղղությունները:

Աստվածաբանների կողմից կարևորվող հիմնական սուրբգրային դրվագը Հոբ Երանելու կյանքի պատմությունն է: Եբրայական և համաշխարհային գրականության գոհար համարվող այս գիրքն ունի հիմնականում բարոյախրատական արժեք: Այն տեղ է գտել Աստվածաշնչի՝ իմաստասիրական կոչված գրքերի շարքում: Հակիրճ շարադրելով Հոբի կյանքի պատմությունը՝ կարող ենք ասել, որ նա, լինելով Աստծո սիրելին, վերջինիս թույլտվությամբ սատանայի կողմից ենթարկվում է փորձությունների՝ ստուգելու նրա հավատը Աստծո նկատմամբ (պայմանով, որ նրա կյանքը չի վերցվի), որի արդյունքում Հոբը կորցնում է ունեցվածքը, երեխաներին և տառապում է ծանր մարմնական հիվանդություններով: Հետաքրքրական է Հոբի կնոջ արձագանքը նրա հետ պատահածին. «Մինչև ե՞րբ, դիմանալով, պիտի ասես, որ համբերելու ես դեռ մի որոշ ժամանակ՝ փրկության հույս ակնկալելով: Ահա ջնջված է հիշատակդ երկրի երեսից, ոչնչացված են տղաներդ ու աղջիկներդ… Արդ, մի խո՛սք ասա Տիրոջն ու մեռի՛ր» (Հոբ Բ 9): Սրան ի պատասխան, սակայն, Հոբն ասում է. «Խոսեցիր ինչպես մի անզգամ կին. եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք» (Հոբ Բ 10): Արդյունքում Աստված կրկին ավելիով պարգևատրում է Հոբին իր հավատարմության և հավատի համար: Պետք է նշել, որ Հոբը անբուժելի հիվանդ չէր, թեև կարելի է փաստել, որ նրա կյանքի որակը զգալիորեն ընկել էր. նա անտանելի ցավեր ուներ, և կորցրել էր այն ամենը, ինչ սիրելի էր իր համար: Չնայած այս ամենին՝ Հոբը մահ չէր տենչում՝ իբրև ելք այդ իրավիճակից, այլ ընդունում էր ինչ որ Աստված տալիս էր իրեն: Հոբն օրինակն է մարդու, որը հավատարիմ է մնում Աստծուն ամենածանր իրավիճակներում, երբ թվում է, թե այլևս հույս չկա:

Առանձնացնենք Աստվածաշնչից հետևյալ կետերը, որոնք կարող են օգտակար լինել կյանքի վերջի իրավիճակներում որոշումներ կայացնողների համար.

ա. Առաջին սկզբունքն այն է, որ Աստված Ամենակարող է: Սուրբգրային համարներից պարզ է, որ Աստված կառավարում է ամեն ինչ, և կյանքի վերջի իրավիճակները բացառություն չեն: Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված առաջին նամակում գրում է. «Չգիտե՞ք, թե ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն ստացել եք Աստծուց, և դուք ձեր տերը չեք, քանզի մեծ գնով գնվեցիք:

Փառավորեցե՛ք Աստծուն ձեր մարմինների մեջ» (Ա Կորնթացիներ Զ 19-20):

Հռոմեացիներին ուղղված նամակում կարդում ենք. «Բայց գիտենք, թե ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք և կանչվեցին նրա նախասահմանումով» (Հռոմեացիներ Ը 28), կամ Առակաց ԻԱ 1-ում՝ «Ինչպես ջրի հոսանքը, այնպես էլ թագավորի սիրտը Աստծու ձեռքին է. Նա ո՛ր կողմ կամենա, այն կողմն էլ կդարձնի այն», և շատ այլ համարներ, որտեղ երևում է Նրա հսկողությունը տիեզերքի և մարդկային կյանքերի նկատմամբ: Ուստի կյանքի համար պայքարող քրիստոնյաները պետք է միշտ ի մտի ունենան, որ ամենակարող Աստված տնօրինում է ամեն ինչ:

բ. Երկրորդ կարևոր սկզբունքը. ըստ Աստվածաշնչի՝ Աստված արարել է մարդուն Իր պատկերով ու նմանությամբ, հետևաբար մարդու կյանքը սուրբ է: Սրա մասին մենք տեղեկանում ենք Ծննդոց Գրքից. «Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան» (Ծննդոց Ա 27): Ուստի պետք է խնամել մարդուն ամենայն հարգանքով ու սիրով: Կապ չունի, թե որքան անհույս կամ ծանր կարող է թվալ հիվանդի կյանքը. նա մնում է Աստծո արարածը՝ ստեղծված ըստ Նրա պատկերի: Ոչ մի ֆիզիկական փոփոխություն չի կարող այն խլել մարդուց: Մինչդեռ որքան հեշտ է մոռանալ սրա մասին, երբ հիվանդները մոտ են մահվանը, կորցնում են իրենց նորմալ ֆունկցիաները: Այդ ֆունկցիաների բացակայությունը չի ժխտում նրանց անհատականությունը:

Հարգելով աստվածային պատկերը հիվանդների մեջ՝ խնամք տանողներն ավելի լավ որոշումներ կարող են կայացնել՝ կապված խնամքի հետ, երբ հաշվի է առնվում քրիստոնեական բարոյագիտությունը:

գ. Երրորդ կարևոր սկզբունքն այն է, որ երկրային կյանքը վերջը չէ, և որ կա հավիտենական կյանք մահից հետո: Քրիստոս Իր խաչելությամբ և հրաշափառ Հարությամբ դա հնարավոր դարձրեց մարդու համար:
(շարունակելի)

Գառնիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում