Ամեն ինչ խաղ է: Ես դուրս մնացի խաղից

Ամեն ինչ խաղ է: Ես դուրս մնացի խաղից

Ամեն ինչ խաղ է: Ես դուրս մնացի խաղից… բայց չկորցրեցի ոչինչ: Ողջ մնացի: Փրկվեց հոգիս, բայց մի վայրկյան անգամ ինքս ինձ հարց տալու սովորությունից ինչ չզրկեցի… որովհետեւ մարդը գոնե ինքն իր հետ պետք է ազնիվ լինի, ազնիվ մնա…

Ինչ էր իմ կյանքը։ Խենթություններով ու սպասումներով, հոգուս անհաղթ կարոտ, որտեղ ես մենակ մնացի։ Բան չի փոխվել, մարդկանց տեսակներն են փոխվել, որ առաջվանը չի։ Ես գլուխս դեմ եմ արել քամու ուղղությանն ու քամին ձայն է տալիս։ Իմաստունի խոսքին սպասելով մնում եմ էն խենթ մեկը, որ ինքն իրեն խաբելով մի բան է երազում՝ խաղաղություն։

Չէ, չկա ոչ հոգուս խաղաղությունն ու ոչ էլ ինձ նայող աչքերի։ Խաբում եմ ինքս ինձ, ժպտում եմ ինքս ինձ ու սկսում եմ բարձրանալ վերեւ՝ դեպի անհայտություն, որտեղ թվում է ես եմ ու իմ սպասումները, որտեղ լռության մեջ մեկը ձայն է տալիս՝ մնա։

Մնում եմ, շարունակում մեղքերի մեջ ապրել ու չգիտեմ ինչ սրտով եմ գնալու՝ աշխարհափոխ լինելու, էն աշխարհի խաչի ծանրության տակից, ինչպես եմ դուրս գալու, ինչպես եմ հնազանդվելու մեղքերիս ու թաքուն ժպտալու, որ չդառնամ կենդանի, որին փողոցի մի անկյունից քարշ կտան մյուս անկյունն ու անտերության մեջ լույսի-մթի մեջ կմղկտամ։

Ինչ է իմ կյանքը։ Պատասխան չունի։ Չկա՛… ոչ էլ գիտեմ կենդանի լինելու՝ շան, կատվի կյանքով ապրելն է հեշտ, թե մարդու՝ մարդավարի։ Չէ, կյանքս անցավ ու ես այժմ խաղաղություն եմ աղոթում։ Ես եմ իմ թաքուն գոյության ու իմ տեսակին հավատարիմ գնում եմ, որ դուք երջանիկ լինեք։ Թեկուզ առանց ձեզ։ Թեկուզ առանց ինձ։

Աչքերս փակ են։ Գնում հասնում եմ Մհերի դռան առաջ ու դուռը փակ է։ Ուխտատեղին ինձ համար մնաց հենց Մհերի դռան շեմը, որ ներս մտնել չկարողացա… Հարց չունեմ։ Պարզապես նրա համար, որ մեր դժվարության ու կորստի ցավը էն դռան առաջ է, որ չի բացվում։ Դուռը, որ բացվի շատ բան կփոխվի։ Երեւի։ Ես էլ Մհերի դռան ետեւում կանգնած անկեղծացա, բայց ուզեցի, որ խաղաղություն լինի, որ ինձ տիրություն անի, ձեզ տիրություն անի։ Չհամաձայնեցի մնալ՝ խաղաղություն չկար։

Ես գնում եմ, որ դուք երջանիկ լինեք, եթե իմանայի, որ իմ գնալուց հետո խաղաղություն կունենայիք, ավելի շուտ կգնայի։ Չէ, իմ գնալը, թո՛ղ հաղթանակ լինի, բոլորիդ համար։ Մայրամուտ էր։ Մեկը լուռ հեռացել էր։ Ականջը քամու տակ, լռության տակ, աղոթք էր կարդում՝ խաղաղություն։

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում