Երաժշտական դեգերումներ՝ Դանիել Երաժիշտի հետ

Երաժշտական դեգերումներ՝ Դանիել Երաժիշտի հետ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտի հետ «Նարեկացի» միությունում հերթական հանդիպման թեման «Սուրբ Գրիգոր Նարեկացու «Հավիկ» տաղի «մեկնաբանություններն» էին՝ հայ կոմպոզիտորների արվեստում: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Այս ամենը նպատակ ունի ոչ միայն երաժշտության խորհրդաբանությունը բացահայտելու, գեղեցիկի, իդեալի հետ հաղորդվելու, նրա առաքելությունը ճանաչելու, այլև համաշխարհային երաժշտության համապատկերում հայկականի տեղը և դերը գիտակցելու ու արժևորելու»,- նշեց Դանիել Երաժիշտը:

Հանդիպման ծրագիրը հարուստ էր՝ Կոմիտաս, Էդգար Հովհաննիսյան, Վարդ Մանուկյան, Քիմ Քաշքաշյան, Աննա Մայիլյան, Նարեկացիական ընթերցումներ:

«Երաժշտական հանդիպում Դանիել Երաժշտի հետ» հերթական միջոցառումն ամփոփվեց կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի՝ Նարեկացու «Հավիկ» տաղի հիման վրա ստեղծված 1-ին Սիմֆոնիայի ձայնագրության ունկնդրմամբ:

«Սա մեր սիրո և երախտագիտության յուրատեսակ արտահայտությունն է մեծ վարպետի ծննդյան օրվա կապակցությամբ»,- ասաց Դանիել Երաժիշտը:

Թեպետ, ըստ երաժշտագետի, կանայք առանձնապես չեն հաջողում արվեստի մեջ, սակայն կին կոմպոզիտորներից մեկը՝ Վարդ Մանուկյանը, այդ օրինաչափությանը չի ենթարկվում.

«Կանանց մեջ Բախ, Բեթհովեն հազվադեպ է հանդիպում. նախատեսված չէ: Ըստ հոգեբան Օտտո Վայնինգերի՝ կանանց մոտ երկու բան չի ստացվում՝ երաժշտությունը՝ կոմպոզիցիան, երաժշտություն ստեղծելը, և փիլիսոփայությունը, մնացած հարցերում կինը բարձունքների է հասնում: Մենք կնոջս հետ շատ ենք վիճում այս թեմայով, նա դեմ է Վայնինգերին, ինձ ասում է՝ լավ գիրք չէ, մի կարդա, մի օր էլ ասաց՝ գիտե՞ս ինչ, քո այդ Բեթհովենին էլ, Բախին էլ՝ իր ֆուգաներով, կին է բերել»:

«Դանիել Երաժիշտի հետ» հանդիպումների բովանդակությունը, օրակարգը երաժշտական արվեստն է՝ իր տարբեր ժանրային, ոճական և այլ դրսևորումներով։

Երաժշտագետը հանդիպման մասնակիցների դատին ներկայացրեց «Հավիկ» տաղի իր՝ բազմաձայն մշակումը: Այն կատարում է «Գանձեր» անսամբլի մենակատար Գևորգ Հունանյանը՝ ջութակով:

Իր համար ամենահուզիչ այդ պահից հետո դահլիճում տիրող լռությունը Դանիել Երաժիշտը կոտրեց կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսի կյանքից մի դրվագ պատմելով. «Երբ Ռիխարդ Շտրաուսը ներկայացնում էր իր «Էլեկտրա» օպերան, ավարտից հետո քար լռություն էր դահլիճում, կոմպոզիտորը սարսափեց, որ ոչ մի վերաբերմունք չկա, մտածեց՝ տապալված է ընդունելությունը, կարծեմ՝ Վիեննայում էր այդ ընդունելությունը: Նա ոտքի կանգնեց ու ամբողջ դահլիճով մեկ ասաց՝ ես չգիտեմ՝ դուք՝ ինչպես, բայց իմ օպերան ինձ դուր եկավ»:

«Նարեկացի» արվեստի միությունում Դանիել Երաժիշտի հետ հերթական հանդիպումը կլինի հունվարի 27-ին: Թեման՝ «Գյոթե-Մոցարտ» համադրությունը: Հանդիպման օրը պատահական չէ. այդ օրը նշվում է ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծննդյան 262-ամյակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում