Երևանի քաղաքապետարանն աջակցում է ցեղասպանությունը վերապրած 15 երևանաբնականերին

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունն այցելություններ է կազմակերպել ցեղասպանությունը վերապրած բոլոր երևանաբնակներին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Այսօր մայրաքաղաքում ցեղասպանությունը վերապրած 15 քաղաքացի է ապրում: Քաղաքապետի կողմից նրանց նկատմամբ ուշադրությունը մշտական բնույթ է կրում: Ապրիլի 24-ին ընդառաջ, վարչության կողմից ցեղասպանությունը վերապրածներին այցելություններն ու օժանդակությունը ավանդական է դարձել: Տարվա ընթացքում, իհարկե, այլ առիթներով էլ են լինում հանդիպումներ, հնարավորության սահմաններում նաև աջակցություն է ցուցաբերվում»,- նշել է սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ավելացնելով, որ աջակցության ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերվող մշտական ուշադրության համար՝ վերապրածները նշել են, որ իրենք միշտ զգում են քաղաքապետարանի հոգածությունն ու աջակցությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում