Վարդան Ղուկասյանը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել
Նմանատիպ
Երեկ կեսգիշերին մոտ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ազատ է արձակվել Ոստիկանության քաղաքային բաժնից: Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը «Փաստինֆո»-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց այս տեղեկությունը’ հավելելով, որ ոչ միայն Վարդան Ղուկասյանը, այլև շատ ուրիշներ բերման են ենթարկվել ոստիկանություն, հարցաքննվել և ազատ արձակվել:
Ինչպես տեղեկացրել ենք, ապրիլի 23-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ և 1 կրակված գնդակ:
Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հարություն Խաչատրյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» ատրճանակի 1 փամփշտակալ՝ 7 փամփուշտներով:
Երեկ Բագրատաշենի սահմանային կետից բերման էր ենթարկվել նաև Վարդան Ղուկասյանի եղբորորդի Կոլյա Ղուկասյանը։ Նախնական տեղեկություներով, Գյուրիում հնչած կրակոցները Կ.Ղուկասյանի և Հարություն Խաչատրյանի որդու միջև ամիսներ առաջ տեղի ունեցած ընդհարման շարունակությունն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում