Հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային գործընկերության մակարդակի վրա են

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 25-ին պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանում:

Այցից առաջ հայ-ռուսական հարաբերությունների RIA Novosti-ն զրուցել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հետ:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկա դրությանը` Լուկաշևիչը մասնավորապես ասել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները դաշնակցային գործընկերության մակարդակում են: Ռուս պաշտոնյան կարծում է, որ դրանց հիմքում ընկած առանցքային սկզբունքները ամրագրված են մի շարք պայմանագրերով:

Լուկաշեւիչի կարծիքով` այդ փաստաթղթերում տեղ գտած ծրագրային դրույթների հաջորդական գործնական իրականացումը թույլ է տվել երկկողմ համագործակցությանը տալ որակապես նոր բնույթ, այն դարձնել ավելի հավասարակշռված և ներդաշնակ:

«Երկկողմ համագործակցության հայտարարված նպատակներին փոխադարձ հակվածությունը հաստատվել է սույն թվականի մարտի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ… Բարձր մակարդակով ինտենսիվ երկխոսությանը զուգահեռ Հայաստանի և Ռուսաստանի միջև ակտիվորեն պահպանվում են միջխորհրդարանական կապեր, շրջանների գծով կապեր: Կատարելագործվում է երկկողմ նորմատիվ-իրավական բազան»,- ասել է նա, տեղեկացնում է 1in.am-ը:

Անդրադառնալով երկու երկրների արտաքին քաղաքական համագործակցությանը՝ Լուկաշևիչն ասել է, որ Մոսկվան և Երևանը շահագրգռված են ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությամբ: Նա հիշեցրել է, որ 2012թ. Հայաստանում բարեհաջող ընթացել են ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման հավաքական ուժերի լայնածավալ զորավարժությունները:

Նա հավելել է, որ սերտ համագործակցություն է ծավալվում միջազգային կառույցներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում:

Խոսելով երկու երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցության մասին՝ Լուկաշևիչը նշել է, որ Ռուսաստանը վստահաբար Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է, իսկ տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղություն է մնում վառելիքային-էներգետիկ ոլորտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում