Թուրքիայի խորհրդարանի քրդական կուսակցությունը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ Հայոց ցեղասպանությունը որակելով 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկը։

«Այսօր 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկի՝ 1915թ.-ի Հայոց ցեղասպանության տարելիցն է։ 98 տարի առաջ ապրիլի 24-ին մարդկության պատմության ամենամեծ ցեղասպանություններից մեկը՝ հայ ժողովրդի գաղթն սկսվեց։ Հայ ժողովուրդն իթթիհաթականների քաղաքականության հետևանքով մեծ ցավեր է տեսել, պոկվել է իր հողից»,-ասված է հաղորդագրության մեջ։

Դրանում նշվում է, որ ցեղասպանության տրավման մեկ դար անց էլ եղբայր ժողովուրդների և միջազգային հանրության խղճին խորը վերքեր է առաջացրել, և ցավը շարունակվում է մինչ այժմ։

«Ցեղասպանության տրավման և ցավերը դեռ մնացել են մեր հիշողություններում, քանի որ Թուրքիայի հասարակությունն իր խիղճը մաքրելու համար 20-րդ դարի ամենամեծ ցեղասպանություններից մեկի հետ չի առերեսվել, իր պատմության հետ հաշիվները չի մաքրել, Ցեղասպանության համար ներողություն չի խնդրել»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Այսօր էլ, ըստ կուսակցության, Թուրքիայում շարունակվում են այլ ինքնություն, մշակույթ կամ հավատք ունեցողներին ուղղված սպառնալիքները։

«Սակայն Թուրքիայում սկսված՝ ժողովրդավարական ուղիներ գտնելու գործընթացն ապագայում նման իրադարձությունները կանխելու հույս է ներշնչում՝ խաղաղության, բարեկամության և ազատության համատեղ կամք դրսևորելու դեպքում։ Թուրքիային կոչ ենք անում առերեսվել պատմության հետ և ներողություն խնդրել հայ ժողովրդից։ Հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ հույսով, որ նման ցավերն այլևս չեն կրկնվի»,-ասված է քրդական կուսակցության տարածած հաղորդագրության մեջ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում