Իրանահայերը ակնկալում են Իրանից Հայոց ցեղասպանության ճանաչում.ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր
Նմանատիպ
Իրանահայերը ակնկալում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին, իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:
Հայազգի պատգամավորը, Մեջլիսում ունեցած ելույթում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին, մասնավորապես նշել է. «Պատմության ընթացքում հայերն իրենց մուսուլման, ասորի, հրեա և զարթոշտ եղբայրների հետ միասին պաշտպանել են Իրանը և նրա զարգացման և առաջընթացի համար ոչ մի ջանք չեն խնայել, ուստի ակնկալում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կճանաչի 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով զոհվեցին 1,5 միլիոն հայեր»:
Հիշեցնենք, որ օրերս Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի ծրագրերի շրջանակներում Հայ ակումբի սրահում կազմակերպված «Անպատիժ մնացած ոճրագործություն» խորագրով միջոցառման ժամանակ ԻԻՀ Մեջլիսի փոխնախագահը, հիշատակելով ցեղասպանության ժամանակ զոհ գնացած հայերին և ասորիներին, մասնավորապես նշել է. «Եթե զինվորական, քաղաքական ուժը և հարստությունը չմիաձուլվեն մարդկային ու աստվածային վեհ արժեքներով, ապա կհանգեցնեն մեր քրիստոնյա քույրերի ու եղբայրների ցեղասպանության նման սոսկալի ոճրագործութիւնների: Նրանք, որոնց ձեռքը երեկ շաղախվել էր հայերի արյամբ, այսօր Սիրիայում շաղախվել է մեր քույրերի ու եղբայրների արյամբ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում