Ոստիկանությունը Ծառուկյանի հետ պատահած միջադեպի մասին
Նմանատիպ
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը զանգվածային լրատվության միջոցներին «մեկնաբանություններ» են տրամադրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Գագիկ Ծառուկյանի հետ կատարված «միջադեպի» կապակցությամբ:
«Միջադեպ» ասվածն այն է, որ ծառայություն կատարող ոստիկանները պարոն Ծառուկյանին և նրան ուղեկցող անձանց հուշել են համալիրի տարածքում տեղաշարժի նախատեսված ուղին: Ընդամե´նը: Եվ ըստ երևույթին «միջադեպի» մասնակիցների մտքով իսկ չի անցել, որ «միջադեպ» է տեղի ունենում:
Համենայնդեպս, պարոն Ծառուկյանը նման խնդրով ոստիկանություն չի դիմել: Խնդիրը միանգամայն այլ հարթությունում է: Հասկանալով նախընտրական փուլի «առանձնահատկությունները»` Նաիրա Զոհրաբյանին ու Տիգրան Ուրիխանյանին կրկին հիշեցնում ենք, որ ոստիկանները կատարում են իրենց գործառույթները և ինչպես բոլոր զանգվածային միջոցառումների ժամանակ, Ծիծեռնակաբերդում էլ պահպանել են հասարակական կարգը: Հիշեցնում ենք նաեւ, որ ոստիկանությունը վերկուսակցական և վերքաղաքական կառույց է, և չփորձեք քաղաքական գործընթացների մեջ ներքաշել:
Նախընտրական քարոզարշավի համար առավել հարմար թեմա գտեք: Իսկ ինչ վերաբերում է այս գործիչների` ոստիկանության ծառայողներին տրված գնահատականներին, ապա խիստ կասկածում ենք, թե նրանք տիրապետում են համապատասխան մասնագիտական գիտելիքների, որպեսզի գնահատեն ոստիկանության ծառայողի աշխատանքը: Կոչ եմ անում նաև զերծ մնալ բնորոշումներ տալուց:
ՀՀ ոստիկանություն
Հետևեք մեզ նաև Telegram-ում