Խաժամուժը՝ լրագրողի դեմ

«Առավոտ»-ի խմբագրականում Արամ Աբրահամյանը, անդրադառնալով քարոզարշավի ժամանակ լրագրող Հակոբ Կարապետյանի դեմ կիրառված բռնության փաստին, գրում է. «Բնականաբար, թաղի խուժանին, որը տվյալ դեպքում կազմակերպում էր Տարոն Մարգարյանի հանդիպումը բնակչության հետ, որևէ մեկը չէր հասկացրել, որ նման պարագայում ոչ ոք իրավունք չունի լրագրողին արգելել նկարահանումներ կատարել: Չնայած ես հասկանում եմ, «Տուրբոն» (Աշոտ Պապայանը) և «տուրբոյատիպ» մնացած խաժամուժը վատ են զգում, երբ իրենց գործունեությունը հրապարակային է դառնում՝ հավանաբար, հոգու խորքում ամաչում են, թե ինչպես են վաստակում իրենց «հացի փողը»:

Բայց վստահ եմ’ իրենց կուսակցությունում’ ՀՀԿ-ում, կան մարդիկ, որոնք ի վիճակի են այդ ամենը բացատրել, որոնք գիտեն, որ համացանցի այսօրվա զարգացման պարագայում «տուրբոների» ոչ այնքան հաճելի, մեղմ ասած, դեմքերի պատկերները, միևնույն է, կտարածվեն և կտիրաժավորվեն, գիտեն նաև, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է: Թե ինչու չեն բացատրում’ չգիտեմ, հավանաբար զլանում են: Ինձ համար բացարձակապես միևնույն է’ հարձակման ենթարկված լրագրողը ilur.am-ից է, թե slaq.am-ից, լուսաբանվող քարոզարշավը ՀՀԿ-ինն էր, թե, ասենք, ՀՅԴ-ինը’ իշխանությունն ու ընդդիմությունը, հեղափոխականներն ու պահպանողականները այնքան հաճախ են փոխվում տեղերով, որ չես էլ հասցնում աչքդ թարթել: Ինձ համար կարևոր է, որ մենք’ լրագրողներս, կարողանանք ֆիքսել իրականությունը և դա փոխանցել հասարակությանը, իսկ «համեմունքները» թող տան քաղաքական գործիչները կամ քաղաքականացված մարդիկ’ կարևոր չէ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում