Մոսկվայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Նմանատիպ
Ապրիլի 24-ին Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցավ 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությանը զոհ դարձած 1.5 մլն. անմեղ հայերի հիշատակման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ներկաները ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրեցին եկեղեցու տարածքում կանգնեցված հուշակոթողի մոտ, այնուհետեւ եկեղեցու մատուռում Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի կողմից մատուցվեց հոգեհանգստի պատարագ:
Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությանը մասնակցեցին են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արայիկ Բադալյանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Մոսկվայում գործող հայկական հասարակական կառույցների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, մոսկվաբնակ ազգությամբ հայ մշակույթի եւ գիտության գործիչներ, մոսկովյան բուհերի հայ ուսանողներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում