Վրաստանի նոր իշխանությունների համար ընդունելի են Ջավախքի մի շարք պահանջներ. Վահագն Չախալյան
Նմանատիպ
Ջավախահայ hասարակական գործիչ Վահագն Չախալյանը, թեև կարծում է, որ Վրաստանի նոր իշխանությունը’ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, ընդունում է Ջավախքի մի շարք պահանջները, բայց ինքն այնքան միամիտ չէ, որ մեծ սպասելիքներ ունենա նոր իշխանությունից ու բարձրաձայնի դրանք:
«Վրաստանում երկիշխանություն է, իշխանության նոր հատվածը փորձում է բուժել այն վերքերը, որը թողել է նախագահ Սաակաշվիլիի ռեժիմը: Երբ մենք տարիներ առաջ բարձրաձայնում էինք, որ նրա ռեժիմը հայաթափում է Ջավախքը՝ թուրք-ադրբեջանական կապիտալի միջոցով, այսօր Վրաստանի նոր իշխանությունները ասում են այն, ինչ մենք ասում էինք հինգ տարի առաջ, որ այդ ռեժիմը հանցագործություն է արել ջավախահայության հանդեպ»,– Ծիծեռնակաբերդում երեկ լրագրողների հետ զրույցում ասաց նա: Այս մասին տեղեկացնում է Akhaltskha.net լրատվական կայքը:
«Նրանք ընդունում են մեր պահանջները, հասկանում են, որ այսօր հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու անհրաժեշտություն կա: Եթե ցանկանում են, որ մեր ժողովուրդը զարգացում ունենա, հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունում հայոց լեզվով ուսուցում ունենալու կարիք կա»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008թ. հուլիսի 21-ին։ 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով: Սակայն այս տարվա հունվարին Վրաստանի դատարանը վերանայեց ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի դատավճիռը և ազատ արձակեց նրան:
Վահագն Չախալյանը նաև նշեց, որ ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, երբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այցելել է Թուրքիա և ծաղկեպսակ դրել Աթաթուրքի շիրիմին, շատ բաների մասին է ասում.«Սահակաշվիլին ոչ մի բան պատահական չի անում»,- ասաց Վահագն Չախալյանը։
Անդրադառնալով վրացական քաղաքական դաշտին ու Ջավախքի խնդիրներին, Վահագն Չախալյանը նշեց, որ վրացի քաղաքական գործիչները շատ են, իսկ վրացահայ քաղաքական գործիչները’ շատ անհետևողական:
«Նոր վարչապետը նոր որակի քաղաքական գործիչ է, գործարար դաշտից է եկել քաղաքական դաշտ, ով քիչ թե շատ հայտնի է իր խոստումնապահությամբ, բայց իրենց անձնական հատկանիշների հետ հույսեր կապելը ճիշտ չէ: Մենք պետք է համախմբված լինենք մեր պահանջների մեջ, ամենօրյա աշխատանքով հասնենք մեր նպատակներին: Նվազագույնը այն է, որպեսզի Ջավախահայությունը մնա իր ծննդավայրում, որ ապահովվի հայերեն լեզվի օգտագործումը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է իրեն, ապա Վահագն Չախալյանը վստահեցրեց, որ իր նկատմամբ ներկայումս իշխանության կողմից ճնշումներ չկան և ինքն զբաղված է «Միասնական Ջավախք» հասարակական կազմակերպության խնդիրներով: «Քանդվել էլ էր, պառակտվածություն, շենքային պայմանները զրոյականացված, լրիվ առգրավվել են’, ռադիոն, շենքը»,- կազմակերպության մասին ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում