Բակո Սահակյանը հանդիպել է ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Արցախ փոխհարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը եւ այս համատեքստում արժեւորել է եվրոպական տարբեր կառույցների, այդ թվում նաեւ Եվրոպական խորհրդարանի հետ կապերի հաստատումն ու խորացումը: Երկուստեք նշվել է փոխգործակցության համար հնարավորությունների լայն դաշտի առկայությունը եւ այս ուղղությամբ նպատակասլաց աշխատանքի անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում