Օբաման ապրիլի 24-ին հայերի կողքին է, բայց ցեղասպանություն բառը չի ասում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ հերթական ելույթի ժամանակ կրկին խուսափել է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց:

Նրա ուղերձում մասնավորապես ասված է.

«Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը’ 20-րդ դարի ծանրագույն ոճրագործություններից մեկը: Իննսունութ տարի առաջ՝ Օսմանյան կայսրության անկման շրջանում, 1.5 միլիոն հայեր կոտորվեցին կամ իրենց մահը գտան գաղթի ճանապարհին։ Այսօր մենք կանգ ենք առնում՝ զոհվածների մասին մտորելու և վերհուշելու նրանց կրած անասելի տառապանքը: Անցած դարի սկզբին տեղի ունեցած այդ իրադարձությունների տխուր տարելիցը լայնորեն նշվում է Միացյալ Նահանգներում։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ես բազմիցս վերահաստատել եմ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ իմ անձնական տեսակետը: Իմ մոտեցումները մնում են անփոփոխ: Մեր պարտավորությունն է’ թույլ չտալ, որպեսզի պատմության այս մութ էջերը երբևիցէ կրկնվեն»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Միաժամանակ Օբաման նշել է՝ փաստերի լիակատար, ազնիվ ու արդար ճանաչումը բխում է մեր բոլորի շահերից՝ մատնանշելով այն անհատ հայերի ու թուրքերի ջանքերը, ովքեր հաշտությանն ուղղված քայլեր են ձեռնարկում:

«Հիշատակի այս տխուր օրը մենք հայերի կողքին ենք’ վերհիշելով Մեծ Եղեռնի սարսափները, հարգելով զոհերի հիշատակը և վերահաստատելով մեր նվիրվածությունը հայ ժողովրդին»,-եզրափակել է իր ելույթը ԱՄՆ նախագահը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում