Գյումրիի կրակոցների գործով ձերբակալված Վահե Ղուկասյանը խոստովանել է հանցանքը
Նմանատիպ
Գյումրիում ապրիլի 23-ին տեղի ունեցած կրակոցների գործով ձերբակալված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին’ Վահե Ղուկասյանը խոստովանել է, որ ինքն է կատարել հանցագործությունը:
Վահե Ղուկասյանը հայտնել է նաև, որ միջադեպի ընթացքում Արտյոմ Կարապետյանի կողմից «Մակարով» ատրճանակից արձակված կրակոցից աջ կոնքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը:
Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, Վ. Ղուկասյանի «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ՝ նստելատեղի կողքին հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող, առանց գործարանային համարի և պահունակի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և չպարզված տեսակի ատրճանակ’ պահունակով, լիցքավորված 3 հատ 6,35 մմ տրամաչափի փամփուշտներով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական հետագա միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 54/Բ շենքի ձախ անկյունային հատվածին հարակից տարածքում հայտնաբերել և առգրավել են «Մակարով» տիպի ատրճանակ’ պահունակով, լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտներով:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Վահե Ղուկասյանը ձերբակալված է:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 23-ին Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտ հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը, որը հիվանդանոցում մահացել էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում