Ուրախ հանդես սահմանափակ կարողություններով երեխաների համար

Ուրախ հանդես սահմանափակ կարողություններով երեխաների համար

Թբիլիսիի թիվ 202 տեսողությունից զուրկ երեխաների հանրային դպրոց-պանսիոնատի սաների հետ Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնին կապում է մի քանի տարվա բարեկամությունը, որը տարեցտարի ամրապնդվում և խորանում է երիտասարդ կամավորների այցելություններով: Նման հարաբերությունների միջոցով սահմանափակ կարողություններով այս դպրոցի սաները ընդարձակում են իրենց ընկերների շրջանակը, ձեռք բերում նորանոր բարեկամներ:

2018 թվականի հունվարի 23-ին, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինն իրականացրեց հերթական բարեկամական այցելությունը սահմանափակ կարողություններով երեխաների դպրոց-պանսիոնատ, այս անգամ համերգային ծրագրով և տոնական տորթով: Այցելությունը նախաձեռնել էր բաժինը՝ կամավորական նախապատրաստական դասընթացների ուսանողների օժանդակությամբ և ակտիվ մասնակցությամբ:

Երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի, համակարգող Նինա Սերոպովայի, օպերատոր-լուսանկարիչ Գևորգ Պողոսովի ու երաժշտական ձևավորող Սերգեյ Արությունյանի ուղեկցությամբ,Հայարտուն» կենտրոնի գեղարվեստական խմբերը հյուրընկալվեցին դպրոց-պանսիոնատում:

Դպրոցի սովորողները հյուրերին դիմավորեցին մեծ ուրախությամբ և ցուցադրեցին իրենց երգերն ու նվագը:

Դահլիճում հավաքված աշակերտներին և նրանց ուսուցիչներին ու ծնողներին հայերեն և վրացերեն երգերով ողջունեցին նորաստեղծ «Հայարտուն բենդը», կենտրոնի դուդուկի և դհոլի խմբերի սաները, մենակատարներ Աննա Բադալյանը, Անի Հովհաննիսյանը, խմբական կատարողներ Դոնարա Արսենյանը և Սերգո Նազարովը:

Երիտասարդները դպրոցի 7-ից 20 տարեկան շուրջ 50 սաներին բաժանեցին նվերներ, հյուրասիրեցին իրենց հետ բերած քաղցրավենիքով, մրգերով և «Հայարտուն» գրությամբ համեղ տորթով:

Հավարտ տոնահանդեսի, դպրոցի տնօրեն Խաթունա Ջալաղոնիան բարձր գնահատեց Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնեց ուրախ համերգի, առանձնապես հայկական երգն ունկնդրելու դպրոցի սովորողներին և նրանց ծնողներին ընձեռած հնարավորության համար և ընդգծեց, որ նման շփումները հետաքրքիր և զվարճալի են դարձնում նրանց առօրյան,զարգացնում տեղեկատվությունը շրջապատի մասին:

Տնօրենը ներկայացրեց սաների առօրյան այս դպրոցում, որտեղ նրանք սովորում են Բրայլի տառատեսակը, օգտվում համակարգչից, տիրապետում այն ունակությունները և հմտությունները, որոնցով կարողանում են ինտեգրվել քաղաքացիական հասարակությանը:

Հյուրերը խոստացան պատեհ առիթներով կրկնել այցելությունները և ակտիվացնել շփումը դպրոցի սաների հետ: Այս մասին տեղեկացնում է armchurch.info-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում