ՍԴՀԿ-ն նշում է հիմնադրման 130-րդ տարեդարձը

ՍԴՀԿ-ն նշում է հիմնադրման 130-րդ տարեդարձը

Սոցիալ Դեմոկրատ-Հնչակյան կուսակցությունը նշում է կազմավորման 130-րդ տարեդարձը: Հունվարի 26-ին տեղի ունեցավ կուսակցության 130-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Միջոցառման մեկնարկին ՀՀ Սփյուռքի նախարարն ընթերցեց ՍԴՀԿ կազմավորման 130-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը. «Հարգելի տիկնայք և պարոնայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հիմնադրման 130-րդ տարեդարձի կապակցությամբ: Հիմնադրումից ի վեր ՍԴՀԿ-ն եղել է հայոց ազգային կյանքի առաջատար ուժերից մեկը: Կառույցն իր 130-ամյա գործունեության ընթացքում մշտապես համախմբել է ազգանվեր գործիչների, որոնք անմնացորդ նվիրվել են հայրենիքի պաշտպանության, շենացման և համայնքային կյանքի կազմակերպման առաքելությանը: Այսօր էլ տարիների հեռվից ՍԴՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած հիմնական սկզբունքներին` հայապահպանությանը և Հայկական հարցի արդար լուծմանը: Տասնամյակների ընթացքում ՍԴՀԿ-ի գործունեությունը իր ծիրում ներառել է կրթական, մշակութային, բարեսիրական, մարզական մի շարք ոլորտներ: Անկախությունից ի վեր ՍԴՀԿ-ն իր մասնակցությունն է բերում նաև Հայոց պետականության կայացման և զարգացման գործում: Այս տարի ազգովի փառաբանում ենք Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի մեկդարյա հոբելյանը`որպես հայ ժողովրդի ազատատենչ ոգու հաղթանակի խորհրդանիշ, Հայաստանի հետագա վերելքի և հզորանալու գրավական: Վստահ եմ, հատկապես սփյուռքում դուք կդառնաք հոբելյանական տոնակատարությունների ջահակիրներից: Կրկին շնորհավորում եմ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամներին, համակիրներին կուսակցության հիմնադրման 130-ամյակի առթիվ և մաղթում եմ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ` հանուն մեր ազգային իղձերի և նպատակների իրականացման, հանուն հզոր Հայաստանի, հայ ժողովրդի բարօրության, հայրենադարձության և ազգային միասնության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ՀՀ Նախագահի ուղերձում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ավագ միաբան, Տեր Ոսկան արքեպիսկոպոս Կարպակյանը իր խոսքում շեշտեց, որ չէր կարող իր մասնակցությունը չբերել ՍԴՀԿ 130-ամյակին նվիրված միջոցառմանը, քանի որ այդպիսով կդավաճաներ իր հորը: «Հայրս 1907թ. դարձել է Հնչակյան կուսակցության անդամ: Երկու եղբայրներիս կոչել են իրենց մեծ հորեղբայրների անուններով, սակայն, երբ ես եմ ծնվել, անունս դրել են Ժիրայր: Մի օր` մինչ իր մահանալը, հարցրեցի` հայրիկ, ինչի՞ համար իմ անունը Ժիրայր դրեցիր: Նա պատասխանեց, որ իր համար հայ ժողովրդի և Հնչակյան կուսակցության պատմության մեջ Ժիրայրի նման վեհ մարդ չկա: Դուք բոլորդ պետք է իմանաք, եթե չեք իմացել, չեմ կարող ձեզ պատմել Ժիրայրի պատմությունը, Հնչակյան Ժիրայրի պատմությունը, ով ծպտված` որպես հոգևորական, 19-րդ դարի վերջերին քարոզեց հեղափոխություն և ընկերվարություն, այնուհետև ձերբակալվեց ու թուրքերի կողմից կախաղան հանվեց: Խոսքն այդ Ժիրայրի մասին է, ում պատվին հայրս իմ անունը Ժիրայր է դրել: Սակայն ես հետո հոգևորական դարձա, իմ անունը դարձավ Ոսկան: Ո՞ր մեկն եմ ես` Ժիրայրը, թե՞ Ոսկանը: Եթե Ոսկանն եմ, հոգևորական եմ, իմ առաջին պարտավորությունը Աստծո և եկեղեցու նկատմամբ է: Եթե Ժիրայրն եմ, իմ առաջին պարտավորությունը հայրենիքի և հայրենիքի ազատագրման համար է»,- ընդգծեց Տեր Ոսկան արքեպիսկոպոս Կարպակյանը:

Նա հավելեց, որ ՍԴՀԿ-ն շարունակում է մնալ հեղափոխական, ազգային, գերագույն շահերի պաշտպանության կուսակցություն: «Ինձ համար Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կա և մնում է ժողովրդի սոցիալական շահերի պաշտպանության և արդարության կուսակցություն»,- եզրափակեց Տեր Ոսկան արքեպիսկոպոս Կարպակյանը:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանն իր ելույթում ընդգծեց, որ հայ ժողովրդի անդավաճան զավակ, տասնյակ տարիների ընթացքում իր լավագույն ընկերներին հայրենիքի համար մղվող պայքարում զոհասեղանին նվիրած, մեր իրականության առաջին` Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը բոլորեց 130-րդ տարին: Նրա խոսքով` դա մի տարիք է` քաղաքական, մարտական լրջագույն կենսագրություն, որին կնախանձեին աշխարհի քաղաքական քարտեզի վրա գոյություն ունեցող տասնյակ երկրներ: «Հնչակյան կուսակցությունը ոչ միայն աշխարհի ամենահին քաղաքական կազմակերպություններից է, որից առանց բացառության սերում են հայ և օտար բազմաթիվ կուսակցություններ և քաղաքական միություններ: Վստահաբար կարելի է փաստել, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Հայաստանի հարևան երկրների մեծ մասում գործող ձախակողմյան կուսակցությունների 90 տոկոսը իրենց առաջին քայլերն են արել Հնչակյան կուսակցության այդ օրերի գործիչների գաղափարական համոզմունքներից դրդված: Ավելին` Օսմանյան Կայսրության և ժամանակակից Թուրքիայի մեջ առաջին անգամ ընդհանրապես ազգային-ընկերվարական հայացքներ է քարոզել հենց մայր կուսակցությունը, որի լավագույն զավակներից Փարամազի նկարը կախված է բոլոր առաջադեմ թուրք, քուրդ, ասորի և Թուրքիայի հայկական համայնքի մտավորականների գրասենյակներում` իբրև նոր խոսքի, ազատ ու հավասար միջավայրում ապրելու գաղափարախոսության հիմնադիր»,– ընդգծեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամը:

Նարեկ Գալստյանը շեշտեց, որ Հնչակյան կուսակցությունը հայ ժողովրդի անբաժան մասն է, օրհասական վտանգների նեցումը, որը` անկախ ներքին քաղաքական բազմաթիվ տարաձայնություններից և օրվա իրավիճակից, երբեք չի զլացել մի կողմ դնել ցանկացած ներքին հարց և անմնացորդ նվիրվել հայրենիքի պաշտպանությանը: «Հնչակյան կուսակցությունը սոցիալական արդարությանը հավատացող, վայրի կապիտալիզմին, մարդու կողմից մարդու շահագործմանը վճռական դեմ ազգային-ընկերվարական կազմակերպություն է և երբեք ու ոչ մի քայլ հետ չի դրել ու հետ չի դնելու իր համոզմունքներից: Փաստ է, որ հայկական ամենահին կուսակցության գաղափարները այնքան էլ ծանոթ չեն Հայաստանի քաղաքացիներին: Եթե մեզ չեն ճանաչում կամ ճանաչում են և չեն վստահում, ապա այստեղ միայն ու միայն մեր մեղքն է: Կուսակցության Հայաստանի կազմակերպության հաջորդ վարչությունը, որը կձևավորվի առաջիկա փակ աշխատանքային խորհրդակցություններից հետո, մեծ առաքելություն ունի` ներկայացվել Հայաստանի ամենահեռավոր գյուղերում, քարոզել մեր գաղափարները, արդար ու ուժեղ պետություն ունենալու մեր տեսլականը»,- նշեց Գալստյանը` շեշտելով, որ առաջիկա երկու տարիները կուսակցության երբեմնի ունեցած փառքը վերականգնելու ու քաղաքական ազդու կազմակերպության վերածվելու ժամանակ պետք է դառնա:

Նա վստահություն հայտնեց, որ որքան էլ հպարտանան իրենց մաքրամաքուր պատմությամբ, մայր կուսակցությունը դեռ չի հնչեցրել հայ ժողովրդի պատմության մեջ իր ամենակարևոր խոսքը: «Ուրեմն այլևս պետք է կրենք այդ պատմական առաքելությունը, որը մեզ վրա է դրվել սերունդների կողմից»,-եզրափակեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամը:

Միջոցառման ավարտին ցուցադրվեց կուսակցության 130-ամյա ուղին ներկայացնող կարճ տեսաֆիլմ: Տեսաֆիլմի ցուցադրությունից հետո տրվեց կուսակցության 11-րդ համագումարի մեկնարկը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում