ՌԴ-ն սուվերեն պետություն է, ունի շահեր տարածաշրջանում. Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված նոտայի հղման խնդիր չկա

ՌԴ-ն սուվերեն պետություն է, ունի շահեր տարածաշրջանում. Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված նոտայի հղման խնդիր չկա

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի վերաբերյալ խորհրդարանի և ԱԳՆ-ի մակարդակով բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական շփումների ընթացքում մտահոգություններ հնչեցվում են, և այնպես չէ, որ ռուսական կողմը դա չի լսում: Բայց դա ՌԴ սուվերեն իրավունքն է և կարգավորվում է զենքի մատակարարման մասին 1996 թվականի ՌԴ պետական դումայի ընդունած օրենքով: Այստեղ նոտայի հղման խնդիր չկա: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Ռուսաստանի զենքի մասին օրենքի նպատակների մասում հստակ նշված է, որ մատակարարումը տվյալ երկրի և տարածաշրջանի վրա ազդեցության մեծացումն է, իսկ բիզնես բաղադրիչը չորրորդական, հինգերորդական նշանակություն ունի:

«Ամեն դեպքում, ցավալի է, որ ՌԴ-ն որոշակի զինամթերք է մատակարարում Ադրբեջանին, լինի ցանկացած մատակարարում՝ ծանր տեխնիկա, մեկ փամփուշտ, թե մեկ կացին, մեզ համար վտանգավոր է: Բայց պետք է նշել, որ մենք այստեղ ունենք առավելություն. եթե Ադրբեջանը ՌԴ-ից զենք է ձեռք բերում շուկայական գներով, այսինքն, եթե դրանք բիզնես գործարքներ են, մենք ՌԴ-ից զենք ենք բերում արտոնյալ գներով` որպես ՀԱՊԿ անդամ երկիր: Այն նույն գներով, որոնցով ռուսական բանակն է ձեռք բերում արտադրողից, միևնույն ժամանակ, Ռուսաստանը մեզ տրամադրում է վարկեր, որպեսզի մենք կարողանանք մեր սպառազինությունը համալրել»,- նշեց Միհրան Հակոբյանը:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օրերս հայտարարել էր, որ հունվարի 19-ին Բաքվի նավահանգիստ է հասել ռուսական արտադրության ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ զենքի այդ տեսակը հաջողությամբ կիրառվել էր 2016 թվականի ապրիլի մարտական գործողությունների ժամանակ, և նոր խմբաքանակի մեծ մասը դարձյալ փոխանցվելու է առաջնագծի ռազմական ստորաբաժանումներին։

«Դա նախկինում ձեռք բերված մեծ համաձայնագրերի վերջնական մատակարարման շղթան է, դա 2009 թվականից սկսած բանակցությունների և հետագայում կնքված պայմանագրերի արդյունքում է մատակարարվում: Պետք է ընդունենք, որ Ռուսաստանը սուվերեն պետություն է, ունի շահեր տարածաշրջանում: Ինչպես վերջերս նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույցներից մեկում ասաց՝ դեռևս այդ զենքը մեծ անհանգստություն չի պատճառել սահմանին, չի կիրառվել կոնկրետ արցախյան մարտական գոտում»,- ասաց Միհրան Հակոբյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության ապացույցներից մեկն այն է, որ Ռուսաստանը ՀՀ-ին արտոնյալ գներով է զինամթերք մատակարարում: Ըստ նրա՝ Հայաստանը 100 միլիոն դոլար վարկով է ձեռք է բերում այնպիսի սպառազինություն, որը Ադրբեջանը ձեռք կբերի 1 միլիարդ դոլարով՝ այն էլ կանխիկ գումարով:

«Բացի դրանից՝ կա այստեղ այլ խնդիր: Հայաստանում ռուսական ռազմական խմբավորում կա և այդ ռազմական խմբավորումը բավականին լուրջ զինված է. բոլորն էլ գիտեն, որ սա քաղաքական է, որ Հայաստանի տարածքում, մեր հողի վրա գտնվող ամեն ինչ մեզ է պատկանում: Սա ևս կարևոր խնդիր է»,- նկատեց Միհրան Հակոբյանը:

Դիտարկմանը՝ համամի՞տ է ռուսական կողմի այն տեսակետների հետ, որ եթե իրենք զենք չվաճառեն Ադրբեջանին, ապա նա այն ձեռք կբերի Իսրայելից կամ այլ երկրից, Միհրան Հակոբյանը պատասխանեց. «Եթե Ռուսաստանը` որպես հակամարտության տաք գոտի, պետք է զենք չմատակարարեր, ապա կստացվի, որ Հայաստանին էլ պետք է չմատակարարեր: Ռեալ պոլիտիկի տեսանկյունից՝ ՌԴ–ն Ադրբեջանին մատակարարում է բիզնես գներով, իսկ Հայաստանին արտոնյալ գներով և վարկերով: Չմատակարարելու դեպքում Ադրբեջանը շատ տեղերից կարող է ձեռք բերել զինանոց, իսկ Հայաստանը չունի նման ֆինանսական հնարավորություններ, որ ձեռք բերի այդ զինանոցը»:

Հարցին, թե Ռուսաստանը որպես ԵԱՀԿ միջնորդ երկիր, որի առաքելությունն է չեզոքացնել հնարավոր լարվածությունը, նման զենքի մատակարարմամբ ավելի չի՞ լարում իրավիճակը տարածաշրջանում, պատգամավորը պատասխանեց. «Մեր տարածաշրջանը վառոդի տակառի է նմանվում, և այս զինվածությունը շատ վտանգավոր հետևանքներով է հղի, քանի որ մենք էլ, Ադրբեջանն էլ մինչև ատամները զինված ենք: Բայց այդ քաղաքականությունը մենք չէ, որ թելադրում ենք։ Ադրբեջանն է ստիպում, որպեսզի մենք զինվենք և հավասարակշռությունը պահենք: Դուք գիտեք, որ եթե հավասարակշռություն չլինի, Ադրբեջանը մեկ վայրկյան չի մտածելու և պատերազմ է սկսելու: Ռուսաստանը մեզ մատակարարած զենքով հավասարակշռությունը կարողանում է այնպես պահել, որ Ադրբեջանն այս պահի դրությամբ լայնածավալ ռազմական գործողություններ չի ցանկանում մղել, քանի որ հասկանում է, որ չի կարող հաղթել պատերազմում»:

Հիշեցնենք նաև, որ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկել էր ռուսական զենքն ադրբեջանական կողմին վաճառելու հարցն ընդգրկել հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն առաջարկի վերաբերյալ նշել էր՝ դեմ չէ, որ հարցն քննարկվի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում