Պայծառացում

Պայծառացում

Մարդիկ ամառանոցները միշտ կառուցել են բնության մեջ, ծառ ու ծաղկի հարևանությամբ, մտածելով, որ օդը մաքուր կլինի, ջրերն անտառից բխող, բայց չեն կարծել, թե մտքերն էլ իրենցից անկախ կմաքրվեն, կզուլալվեն, առտնին մտածումներից ու հոգսերից վեր կկանգնեն։ Իսկ Անուշիկն այդ ակնհայտ փոփոխությունն զգաց հենց հաջորդ օրը։

Առավոտը վաղ էր, արեգակը դանդաղ, տատանվելով հաղթահարում էր ծառերի կատարների առաջացրած արգելքը, բակն աստիճանաբար ջերմանում էր։ Սարերում գիշերվա և ցերեկվա տարբերությունը տարվա եղանակների նմանությունն ունի։ Գիշերը ձմեռ է, ցերեկը՝ գարուն, կամ գիշերը գարուն է, ցերեկը՝ ամառ։ Եվ այդպես, բակն էլ աստիճանաբար գարնանից ամառ էր մտնում։ Մեկ ժամ հետո նստարանին նստելան անհնարին էր լինելու։ Իսկ աջ ու ձախ, ոչ արևահայաց կողմերում դեռ գարուն էր։

Նույնիսկ կարելի էր խոնավ, ցողը չանցած խոտերի մեջ գարնանային ծաղիկներ գտնել։
Անտառի փեշին, սարերին մոտ, արևոտ և ամպոտ օրերին որքան մաքուր մտքեր և սիրտը փափկացնող հույզեր են անցնում մարդու միջով։ Քաղաքի աղմուկից և խառնիխուռն մտքերից հետո Անուշիկն իրեն չէր ճանաչում։ Ներողության ու նուրբ զգացումների ներկայությամբ ապրելը բոլորովին ուրիշ հաճույք է։ Մի՞թե շրջակա գյուղում մարդիկ նմանատիպ մտքերով են սնվում։ Իզուր չէ, որ լեռնականներին ազնիվ ու շիտակ են համարում։

Քաղաքի թմբիրն աստիճանաբար տեղի էր տալիս։ Պայծառ, արևոտ օրերի հետ Անուշիկը վերափոխման նոր շրջան էր թևակոխել, որ բառացիորեն համընկնում էր իր հոգում կատարվող տոնակատարությանը։ Նոր սեր չէր ապրում Անուշիկը, նոր շրջապատ և աղմկոտ հասակակիցներ չէր փնտրում։ Նա հրաշալի տագնապի մեջ էր։ Նորը, որ արտահայտվում էր նաև նրա ապրելաձևի փոփոխման, հոգեկան լեցունության և ձգտումների՝ նախկինից ամբողջությամբ շրջված աշխարհայացքով, լիովին կլանել էր նրան։

Երկնային կրակների մասին ամեն ոք կարո՞ղ է մտածել։ Հավանաբար չի կարող։ Ոչ բոլորն են ըմբռնում կրակ բառի իմաստը։ Որ կրակն այրող լինելուց առավել նախ և առաջ մաքրող է։

Միտքն իր ետևից մտքերի հեղեղ բերեց, իսկ Անուշիկը տագնապած էր։ Հարկ կա՞, որ ինքը մտնի այդ բարդակուտակ մտքերի լաբիրինթոսը, որտեղ և մտնելն է դժվար, և դուրս գալը։
Խոսքը տիեզերքի հետ կապի մասին է։ Այնտեղից մեծ փրկության, նրանով ապրելու բերկրանքի, նրա ուղեկցությամբ ապագան տեսնելու կարողության։

Անուշիկ, դու արժանի՞ էիր այդպիսի երջանկաբեր ուշադրության։ Երբ մարդն ինքն իր ուժերով , իր ազատ, անկախ կամքով այդ տարիքում հանկարծակի, մի պահի, ակնթարթի լուսարձակումով հասնում է գիտակցության կատարելացմանը, ուրեմն արժանի է դրան։ Արժանի է ողջ կյանքը լուսավորված, խավարից զերծ ապրելուն։

Անուշիկը քթի տակ եռանդով դնդնում և քայլում էր, ամեն առավոտվա բարին տալով արդեն սիրելի դարձած ծառուղուն, անբառ, անտեսանելի աչքերով իրեն հետևող անտառին, արևի շողի ուրախությունն իրենց մեջ ամբարող, մարդկանցից հեռու ծաղկող, թառամող, իրենց սերմն ապահով հողին հանձնող ծաղկափթերին։ Ահա և իրեն էլ բաժին հասավ հիրավի ամենամեծ երջանկությունը, որին վերջապես օրերից մի օր, բազմաթիվ կյանքերից հետո, հասնում է մարդը։

«Արժանացրիր, Տեր, շնորհակալ եմ։ Քո կայծն արթնացավ իմ մեջ։ Ես վերևից եմ եկել և վերև էլ պետք է գնամ։ Այլևս ոչ ոք չի կարող ինձ հակառակը համոզել։ Իմ հոգին սնվում է նրանից և սնելու է շատերին։ Շնորհակալ եմ, Տեր, Քո մեծազոր, մարդասեր, բազմախորհուրդ նպատակների համար, իմ հոգին քնի թմբիրից հանելու համար»։

Խոսքերը հոսում էին նրա բերանից, մտքերը ծլում էին ներքին հորդառատ աղբյուրից։ Անուշիկը հասել էր մի սահմանի, որից անդին արդեն շողացող երկինքն էր՝ իր անտեսանելի աշխարհներով ու հոգին լիցքավորող կրակներով։

Օրն անցավ աննկատ, օրն աչքաթարթոցի ակնթարթն էր։ Անուշիկի կյանքը մի քանի ակնթարթներից էր կազմված, իսկ այնուհետև մնալու էր վեր հառնելու ձգտումը։

Ճանապարհին նրան ոչինչ չէր կարող շեղել։ Վերսլացքը կատարվելու էր մեծ թափով, լույսի աղբյուրի մագնիսացած ճանապարհով, սրտի և հոգու մեծագույն ներշնչման ուղեկցությամբ։

Կյանքի մնացած պահերը, ապրածից ավելի շատ մնացած տարիները չէին ապրվելու, սպասման երջանիկ ավարտին՝ հանգուցալուծմանն էին սպասելու՝ երկրային ստեղծագործ, շարժուն կյանքն այնտեղ շարունակելու նպատակամղվածությամբ։

Հայտնության երջանիկ պահեր, ինչպե՞ս եք կարողանում մտքի և հոգու խավարը լույսով բացել։

Բնության, սարերի բարձունքի և հոգու վերելքի միաձուլման ընթացքը շարունակվում և ծավալվում էր։ Անուշիկը հոգու պայծառացման մեծագույն խորհուրդն էր ապրում, իսկ լույսը նրա մեջ և նրա ուղեկցությամբ մոտենում էր անսահմանի սահմանին։

Լիլիթ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում