Երուսաղեմում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ

Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի հանդիսասրահում պատրիարք սրբազան հոր նախագահությամբ տեղի է ունեցել սգահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին:

Ինրպես հայտնում է «Արմենպրես»-ը սգահանդեսին բացման խոսքով հանդես է եկել Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, ով նշել է. «98-ամյա հեռավորությունից մեր բյուրավոր նահատակները գոչում են ու պահանջում պայքար, դատապարտում եւ հատուցում: Նրանց հոգիները հանգիստ չեն գտնի այնքան ժամանակ, քանի դեռ արդար վճիռ չի եղել: Համախմբվենք այս սուրբ ու նվիրական առաքելության շուրջ եւ գլուխ խոնարհելով նրանց սուրբ հիշատակի առաջ երդվենք, որ համակարգված եւ առանց նահանջելու պիտի աշխատենք իրականացնել նրանց սուրբ դատը եւ ապահովել այն երջանիկ պահը, երբ Թուրքիայի ղեկավարությունը գիտակցաբար ծնկի կգա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի առջեւ, ներողություն կխնդրի հայ ժողովրդից ու կհատուցի իր եղեռնագործության համար»:

Ելույթ է ունեցել նաև «Մեծ մորս դաջվածքները» (Grandmam’s Tatoo) ֆիլմի ռեժիսոր Սյուզան Խարդալյանը, ով հակիրճ ներկայացրել է ֆիմլի ստեղծման շարժառիթները’ կենտրոնանալով դրանցից հիմնականում gendercide (ցեղասպանության ժամանակ մի սեռի ներկայացուցիչների սիստեմատիկ ոչնչացում) տերմինի վրա, որը վերջին տարիներին, որպես առանձին բնագավառ, ուսումնասիրվում է ցեղասպանագետների կողմից: Ըստ Խարդալյանի’ Հայոց ցեղասպանության ժամանակ անչափահաս հայ աղջիկները եւ հարսները gendercide-ի օրինակներ են: Ցուցադրվել է նրա նկարահանած ֆիլմը:

Երուսաղեմում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ապրիլի 23-ի երեկոյան տեղի է ունեցել մոմավառություն: Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների’ ապրիլի 24-ին Սուրբ պատարագ է մատուցվել Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր տաճարում, բացի այդ’ Երուսաղեմում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույց է անցկացվել Թուրքիայի վարած ուրացման քաղաքականության դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում