Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվել է ինտերակտիվ շախմատային տախտակ

Կենտրոն վարչական շրջանում կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, ծանոթացել այնտեղ ընթացող բարեկարգման և արտաքին ձևավորման աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տարոն Մարգարյանը ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ մասնակցել է նաև «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ տեղադրված ինտերակտիվ շախմատի տախտակի բացմանը:

Ընդգծելով մայրաքաղաքում այսպիսի նորամուծությունների կարևորությունը’ Տարոն Մարգարյանը շեշտել է, որ նման հետաքրքիր ու ինտերակտիվ ձևավորումները կարևոր են նաև դաստիարակչական առումով և ինքնատիպ խթան կհանդիսանան շախմատի նկատմամբ հետաքրքրության էլ ավելի բարձրացմանը: Քաղաքապետը նաև նշել է, որ մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման այսօրինակ լրացումները կրելու են շարունակական բնույթ և համալրելու են բոլոր վարչական շրջանները:

Ի դեպ, շախմատի տախտակը միայն դեկորացիա չէ. ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք կարող է բարձրանալ մոտ 30 քմ մակերեսով խաղատախտակի վրա ու, տեղափոխելով խաղաքարերը, շախմատ խաղալ:

Մասնավորի հետ արդյունավետ համագործակցության հերթական արդյունք հանդիսացող երևանյան այս նորույթը միանգամից գրավել է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ուշադրությունն ու հիացմունքը: Տարածքը, ի դեպ, վերահսկվում է տեսախցիկներով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում