Ամուսնալուծության մասին

Ամուսնալուծության մասին

Ամուսնալուծությունը մե՞ղք է:

Այս հարցին պատասխանելուց առաջ նախ ցանկալի է անդրադառնալ ամուսնության նպատակին: Երբ Աստված ստեղծեց տղամարդուն ու կնոջը, ասաց. «Աճեցե՛ք, բազամցե՛ք, լցրե՛ք երկիրը» (Ծննդ. 1.28): Մինչդեռ Նոր Կտակարանում առաքյալն ասում է. «Լավ է տղամարդու համար կին արարածին չմերձենալ: Բայց չպոռնկանալու համար յուրաքանչյուր մարդ թող իր կինը ունենա, և ամեն կին` իր մարդը» (Ա Կորնթ. 7.12):

Տեսնում ենք, որ մարդկության ստեղծումից հետո ամուսնության նպատակը եղել է սիրով միմյանց հետ ապրելը, իրար օգնելը և որդեծնությունը. վերջինիս վկայությունն է «աճեցեք և բազմացեք» խոսքը: Մինչդեռ Նոր Կտակարանի ժամանակներում ամուսնության նպատակը անառակությունից խուսափելն է: Սա ցույց է տալիս մարդկության բարոյական անկումը, որը պետք է վերելք ապրեր Ավետարանի քարոզությամբ:

Երբ մարդիկ ամուսնանում են ամուսնության վերաբերյալ պարզագույն պատկերացումներով, առավել չափով մարմնական և ոչ մտքի, սրտի ու հոգու մերձավորության ու միության ձգտումներով, ապա այս դեպքում ընտանիքը կանգնում է ամուսնալուծության վտանգի առջև:

Ամուսնալուծությունը մեղք է այն իմաստով, որ աստվածահաճո չէ, հակառակ է Քրիստոսի պատվիրանին, Եկեղեցու կանոններին: Դրա համար մարդիկ ամեն ինչ պետք է անեն` փրկելու իրենց ամուսնությունը: Այստեղ նաև եկեղեցականները մեծ աշխատանք ունեն մինչ ամուսնությունը քարոզչական գործունեությամբ ընտանիք կազմելու մտադրություն ունեցողներին բացատրելու, լուսաբանելու, Աստծո կամքը սովորեցնելու:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ամեն տարի Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնին քահանայից հավաք է լինում, որոնց ընթացքում քննարկվում են Եկեղեցուն, հավատացյալ ժողովրդին հուզող խնդիրներ:

Այդ ժողովներից մեկի ընթացքում, ընդգծելով Եկեղեցու պատասխանատվությունը ընտանիքների ամրության և հոգևոր խնամքի գործում, հրամայական նկատվեց շարունակել զորացնել ընտանիքների կապը Եկեղեցու հետ, հոգևոր-դաստիարակչական աշխատանք տանել ընտանիք կազմելու որոշում կայացրած անձանց հետ նախաամուսնական և ետամուսնական շրջանում, որպեսզի ամուսնացյալներն ամենայն լրջությամբ գիտակցեն մշտական միության, անշահախնդիր սիրո, միմյանց սատարումի և հոգատարության առ Աստված իրենց ուխտի մեծ կարևորությունը:

Ի՞նչն է ազդում ամուսնական փոխհարաբերությունների վրա, և ի՞նչ կարող է անել ամուսնական զույգը` դրանք բարելավելու համար:

Ամուսնական փոխհարաբերությունների վրա ազդում է և՛ ժամանակը, և՛ տարիների ընթացքում ամուսինների փոխվելն ըստ տարիքի, երեխաների համար հոգալը, երբեմն պատահող նեղություններն ու դժվարությունները: Այսինքն` ընտանիքը քարացած իր չէ, այլ ապրող և շնչող, զարգացող և աճող հաստատություն, և այն անընդհատ փոխվում է: Սա հանգամանք է, որի հետ պետք է հաշվի նստել:

Տարիների իրադարձությունները, ընտանեկան կյանքի հետ կապված տարբեր զգացումներն ու ապրումները հաճախ ծածկում են ամուսնական զույգի առաջին հիշողությունները, որոնք սովորաբար լինում են ջերմ ու նվիրական: Միշտ պետք է կարողանալ ժամանակի հեռավորությունից պարբերաբար տեսնել այն պահը, որը սրտի ջերմագին զգացմունքով կարծես թե ի վերուստ տրված հայտնություն եղավ` միմյանց հետ կյանքը կապելու և միասնական ճանապարհով ընթանալու, զավակներ ունենալու, սերունդներ դաստիարակելու:

Փոխադարձ զիջողականությունը և փոխըմբռնողությունն այն սյուներն են, որոնց վրա հաստատվում է ընտանեկան կայունությունը, միասին ապրելու վճռականությունը, միմյանց հաջողություններով ու ձեռքբերումներով ուրախանալու կարողությունը:

Յուրաքանչյուր պահի, անգամ զայրույթի ու դժգոհության ժամանակ, որոնք լինում են ընտանիքներում, պետք է տեսնել սիրո այն լույսը, որը երբեմն բացասական պահերին թաքնվում է, ինչպես որ անձրևոտ եղանակին արևը` ամպերի ետևում:

Սկզբնաղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում