Լեհ դեսպանը` Հայոց ցեղասպանության և ԼՂՀ հակամարտության մասին

Հայոց ցեղասպանությունը սկիզբ դրեց 20-րդ դարում տեղի ունեցած նոր ողբերգությունների: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

«Լեհաստանն արդեն ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, եւ ես կարծում եմ, որ բոլորը պետք է հետեւեն այդ օրինակին’ հետագայում նմանատիպ ոճրագործությունները կանխելու համար»,- ասաց նա:

Հայ-լեհական քաղաքական գործակցությունը որակապես նոր փուլ մտավ, երբ 2005 թվականին Լեհաստանի Սեյմը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դեսպան Ռաչինսկին դա գնահատում է որպես բարոյականության չափանիշերով ընդունված որոշում, որը բխում է պատմական հիշողությունից:

«Այլ գնահատական տալ Լեհաստանը չէր կարող»,-շեշտեց դեսպանը: Ցեղասպանության ժխտումը քրեականացնել այսօր, սակայն, չեն պատրաստվում Լեհաստանում:

Դեսպանն անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը’ նշելով, որ Լեհաստանի դիրքորոշումն այդ հարցում չի տարբերվում Եվրոպական միության դիրքորոշումից:

«Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ ամեն հնարավոր եղանակով աջակցում ենք այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին»,-ասաց նա’ հույս հայտնելով, որ ապագայում այս հարցում դրական տեղաշարժեր կարձանագրվեն:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում