Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հովնանյան դպրոցի սաներին

Ապրիլի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հովնանյան դպրոցի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին’ Մայր Աթոռի բարերար տիար Հրաչ Թուֆայանի ուղեկցությամբ:

Ողջունելով սաների այցը համայն հայության հոգևոր կենտրոն’ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց Հովնանյան դպրոցի տնօրենությանն ու մանկավարժներին աշակերտներին հնարավորություն ընձեռելու համար այցելելու Հայրենիք, հաղորդակցվելու սրբություններին և ազգային արժեքներին: Վեհափառ Հայրապետը նշեց, որ նման այցերը կարևոր խթան են հանդիսանում ավելի զորացնելու Հայրենիքի նկատմամբ նվիրվածությունը, իսկ հայրենի հողը տեսնելու խանդավառությունը նպաստում է լավագույնս զգալու և գիտակցելու հայրենի երկրի սրբությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդ հայորդիներին այդ ոգով և գիտակցությամբ ապրել ողջ կյանքի ընթացքում, բարի և արժանավոր զավակներ մեծանալ և ուժ դառնալ Հայրենիքի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում