Անլուծելի ջուրն ու ձեթը լուծելի դարձնող միցելներն ու քիմիայի սիրահարը

Անլուծելի ջուրն ու ձեթը լուծելի դարձնող միցելներն ու քիմիայի սիրահարը

Գոհար Շահինյանի ու քիմիայի մտերմությունը սկսվեց, երբ Գոհարը դեռ դպրոցական էր: Մասնագիտական կողմնորոշման շուրջ երկար-բարակ մտածելու կարիք չկար. միանշանակ պիտի շարունակեր քիմիական ռեակցիաներին ուղեկցող երևույթներն ուսումնասիրել: Դեռ երրորդ կուրսի ուսանող էր, երբ գիտական ուղղությունն էլ էր որոշել. միցելային համակարգեր: Այս համակարգերի բուն ուսումնասիրությամբ սկսեց զբաղվել մասնագիտական կրթությունն ավարտելուց հետո, բայց աշխատողի պատասխանատվությունը զգացել ու պարտաճանաչ կրել է դեռ չորրորդ կուրսից: ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետ ֆիզիկական քիմիայի և կոլոիդների քիմիայի ամբիոնի բազային լաբորատորիան Գոհարի առաջին աշխատավայրն էր, որտեղից էլ սկսվել է իր ու միցելային համակարգերի մտերմությունը:

Գիտական ուղղությունը, որով քիմիկական գիտությունների թեկնածու Գոհար Շահինյանը զբաղվում է արդեն հինգ տարի, իր իսկ խոսքով` շատ հեռանկարային է, «Միցելային համակարգերը կիրառվում են տարբեր նշանակության նանոմասնիկներ սինթեզելու մեջ: Եթե ուզում ենք ստանալ որևէ նյութ, որի բաղադրիչներից մեկը լուծվում է ջրում, մյուսը, ասենք, ձեթի մեջ, ու դրանք ոչ մի կերպ հնարավոր չէ միացնել իրար, ապա «դիմում ենք» միցելների օգնությանը: Դրանք տալիս են այդ եզակի հնարավորությունը»: Հենց այս` հիդրոֆիլ (ջուր սիրող) միացություններն օրգանական լուծիչներում լուծելու հատկությունն է, որ կարևորում է միցելների` ջուր-յուղ տիպի միկրոէմուլսիաների ուսումնասիրությունը:

Չնայած միցելների շատ փոքր չափերին, Գոհարի խոսքով, հնարավոր է հետևել անգամ դրանցում ընթացող ռեակցիաներին և, ըստ այդմ, ենթադրել, թե նյութը բջջի ներսում ինչպես կդրսևորի իրեն: Այդ հնարավորությունն էլ իր հերթին մեկ այլ հնարավորություն է տալիս բժշկությանը. շրջված միցելային համակարգերը, կիրառվելով դիագնոստիկ մեթոդներում, «օգնում են» դեղանյութը հասցնել համապատասխան օրգանին:

Միցելների դերը չի կարելի թերագնահատել նաև կոսմետիկայի արտադրության մեջ. շրջված միցելները, շնորհիվ կենսաբանական թաղանթների հետ կառուցվածքային նմանության, կիրառվում են նաև որպես թաղանթների մոդելներ: Օրգանական բևեռային լուծիչներ պարունակող ոչ ջրային միկրոէմուլսիաները մեծ կիրառություն ունեն կոսմետիկայի արդյունաբերության մեջ:

Իսկ հասկանալու համար, թե ինչպես են առաջանում շրջված միցելները, Գոհարը մասնագիտական լեզվով բացատրում, կենցաղային օրինակով պատկերավոր է դարձնում բացատրածը. «Շրջված միցելներն առաջանում են, երբ մակերևութային ակտիվ նյութի մոլեկուլները բաժանում են ջրային ֆազի նանոկաթիլները ոչ բևեռային միջավայրից՝ շրջապատելով լուծույթից մեկուսացված ջրի կաթիլը, այսինքն այս համակարգերն իրենցից ներկայացնում են մակերևութային ակտիվ նյութի (ՄԱՆ) միաշերտով շրջափակված բևեռային ֆազի (մեծ մասամբ ջրային) նանոկաթիլներ, որոնք հավասարապես բաշխված են ոչ բևեռային օրգանական լուծիչում: Միցելների գործառույթը հասկանալու լավագույն օրինակն օճառն է: Նայեք, ձեռքերը միայն ջրով հնարավոր չէ մաքուր լվանալ, քանի որ մաշկի արտադրած ճարպն ու ջուրը չեն լուծվում, իսկ ահա, երբ լվացվում ենք օճառով, այդ ճարպն ու ջուրը օճառի միջոցով միախառնվում են ու արդյունքում ձեռքերը մաքրվում են»:

Գոհարի այս օրինակից (որն, ի դեպ, նա էլ իր դասախոսից է փոխառել) ավելի վառ օրինակ, դժվար թե լինի,  որը ոչ քիմիկոսներին կօգնի հասկանալ միցելների գործունեության սկզբունքն ու դրանց դերը նաև առօրյա կյանքում:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում