Ա. Ղուլյանը` ԼՂՀ ճանաչման գործընթաց մասին
Նմանատիպ
Այսօր ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հերթական նստաշրջանը: Նախքան նիստի բացումը՝ ԱԺ նախագահը ներկաներին տեղեկացրել է ուշագրավ քաղաքական իրադարձության՝ ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքի շրջանային խորհրդի օրերս ընդունած որոշման մասին, որում քաջալերանք և աջակցություն է հայտնվում ԼՂՀ շարունակական ջանքերին, ուղղված՝ որպես ազատ ու ժողովրդավարական պետության, զարգացմանը: Նաև կոչ է արվում Կալիֆոռնիայի նահանգի օրենսդիր մարմնին, ԱՄՆ Սենատին ու Նախագահին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին և ժողովրդավարական անկախությանն ու միջազգային հանրությանը նրա կառուցողական ներգրավմանը, միևնույն ժամանակ խնդրվում է ԱՄՆ Կոնգրեսին եւ Նախագահին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
«Այդ կապակցությամբ անդրադարձ կատարելով ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, ԱԺ նախագահը նշեց, որ մինչ այդ՝ ապրիլի 10-ին, Միացյալ Նահանգների Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատը նույնպես ընդունել է բանաձև, ճանաչել ԼՂՀ անկախությունը, միաժամանակ դիմել երկրի նախագահին ու Կոնգրեսին՝ կոչ անելով զորավիգ լինել Ղարաբաղի ինքնորոշման և անկախության իրավունքին, ինչպես նաև նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու ռազմավարական առումով կարևոր այս տարածաշրջանում անվտանգության խնդիրների արդար և տևական լուծմանը։
Խորհրդարանի նախագահը ԼՂՀ ժողովրդի և իշխանությունների, այդ թվում՝ Ազգային ժողովի անունից խորը երախտագիտություն հայտնեց Ֆրեզնո քաղաքի շրջանային խորհրդին և Մեն նահանգի խորհրդարանին, հատկապես այն պատգամավորներին, ովքեր մտահղացել ու ստորագրել են այդ քաղաքական փաստաթղթերը՝ ուղենիշ ունենալով ժողովուրդների ազատության և ազգային ինքնորոշման, ժողովրդավարական չափորոշիչների վրա հիմնված անկախ, ինքնիշխան պետականության կերտման իրավունքները հարգելու, գնահատելու համընդունելի արժեքները։
ԱԺ նախագահը հիշեցման կարգով նշեց, որ, փաստորեն, ամերիկյան երեք նահանգ՝ Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը, Մենը և մեկ քաղաք՝ Ֆրեզնոն, արդեն ճանաչել են ԼՂՀ-ն և հույս հայտնեց, որ դա ընդօրինակելի նախադեպ կհանդիսանա նաև ամերիկյան մյուս նահանգների օրենսդիր մարմինների, ինչու չէ, նաև Միացյալ Նահանգների դաշնային ղեկավարության համար։
Այդ համատեքստում ԱԺ նախագահը հիշեցրեց, որ անցյալ տարվա հոկտեմբերին համարժեք որոշում է ընդունել նաև Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Վերին պալատը, իսկ Լիտվայի Սեյմասում այս տարվա փետրվարի վերջերին ստեղծվել է Արցախի Հանրապետության հետ Բարեկամության պատգամավորական խումբ, անցած ամիս էլ՝ մարտին, Փարիզում Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի խումբ քաղաքական գործիչներ, Խորհրդարանի պատգամավորներ և սենատորներ հայտարարել են ԼՂՀ հետ Բարեկամության շրջանակի ստեղծելու մասին:
Ամփոփելով խոսքը, ԱԺ նախագահը ասաց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, որի ուղղությամբ համակարգված ու նպատակասլաց աշխատանք են կատարում Արցախի և Հայաստանի իշխանությունները, Սփյուռքի լոբբիստական կառույցները, փաստորեն, սկիզբ է առել և, վստահաբար կարող ենք ասել, բավական հաջող ու հուսալի է այդ մեկնարկը»,- նշված է հաղորդագրությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում