ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այցելեց Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցի

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այցելեց Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցի

Փետրվարի 1-ին Մոսկվայի հայկական եկեղեցի այցելեց Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ․Եզրաս արք․ Ներսիսյանի առաջնորդությամբ դեսպանը եղավ Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում, մոմ վառեց և ծանոթացավ համալիրի կառուցման պատմությանը։

«Մոսկվայի Մայր տաճարն իմ տեսած բոլոր հայկական եկեղեցիների մեջ առանձնանում է իր ընդգծված հայկականությամբ և կոթողայնությամբ»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Մասնավոր զրույցի ընթացքում Թեմակալ առաջնորդը ներկայացրեց թեմի գործունեությունը հոգևոր, կրթական, սոցիալական ոլորտում։Սրբազան հայրը տեղեկացրեց, որ թեմը 2017 թվականին մեծ շուքով տոնեց հիմնադրման 300-ամյակը և այսօր էլ հավատարիմ ծառայելով Աստծուն՝ պահպանում են նախնյաց ժառանգությունը։«Մեր բարեպաշտ զավակների հոգևոր կյանքի զորացման համար թեմի տարբեր համայքներում գործում է 41 եկեղեցի, կառուցվում՝ 14-ը, նորոգվում են հնամենի աղոթատները, տեղադրվում են խաչքարեր»,-ասաց Եզրաս սրբազանը։

Արմեն Սարգսյանը բարձր գնահատելով թեմի գործունեությունը՝ նշեց, որ հատկապես հայրենիքից դուրս Հայ Եկեղեցին պատմական մեծ դերակատարություն ունի հայի ինքնության պահպանման գործում։ Դեսպանը խոսեց նաև հայ ժողովրդի հոգևոր կյանքի և մշակույթի զարգացման գործում Հայ Եկեղեցու բացառիկ առաքելության մասին։

Հանդիպմանը ներկա էին Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ Ալեքսանդր Ալավերդյանը, բժշկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Արմայիս Քամալովը, տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Գեորգի Սերոբյանը։

Սկզբնաղբյուր՝ armchurch.info։

Հետևեք մեզ նաև Telegram-ում