Գեներալ կոմպոզիտորն առաջին անգամ կմեծարվի

Գեներալ կոմպոզիտորն առաջին անգամ կմեծարվի

Կնշվի Ալեքսեյ Հեքիմյանի ծննդյան 90-ամյակը

ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 2-ին կկայանա Ալեքսեյ Հեքիմյանին նվիրված երեկո: Այն նվիրված է բազմաթիվ սիրված երգերի հեղինակի ծննդյան 90-ամյակին:

Ճանաչված լրագրող, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը ժամանակին «Առավոտի» հետ զրույցում ասել է. «Վաղամեռիկ Հեքիմյանը զորեղ ու բազմանիստ անհատականություն էր, արցախցի տոհմիկ շինականի գլուխկախ համբերությամբ, ղարաբաղյան հանրահայտ համառության բոլոր գումարելիներն իր մեջ ամբարած մտավորական»: Հետո էլ ավելացրել. «Համընդհանուր ընդունելությունից, հաջողությունից զատ այլ վերաբերմունք էլ կար նրա հանդեպ՝ «հույժ» պրոֆեսիոնալների ներողամտություն եւ քմծիծաղ, ձախողակների նախանձ ու քեն եւ այլն: Այնինչ հեքիմյանական բուռն առաջընթացով եւ կարճ ընթացքում հայոց երգի առաջին բնագծերը մուտք գործած «եկվորի» թափից տարակուսած թերահավատները նույնիսկ անկարող էին ժխտել, որ ասպարեզ է մտել անուրանալի տաղանդի տեր նվիրյալ…»: Արմեն Հովհաննիսյանի հավաստմամբ՝ դեռատի հասակում երաժշտական թերի պատրաստություն ստացած, առաջին երգերի մեղեդիներով դաշնամուրի ստեղնաշարը մեկ մատով «չարչարելուց» նեղվող-ճնշվող 40-ն անց գեներալ-մայորը վերստին իրեն ետ տարավ աշակերտական վիճակի, եւ ընդամենը 2-3 տարի անց նրա մատները չափչփում էին ստեղնաշարը միանգամայն հմուտ շարժմունքով:

Հեքիմյանի «Բարի արագիլ» առաջին ժողովածուի նախաբանում (1972թ.-ին) Արամ Խաչատրյանը գրել է. «Ինձ համար հաճելի է հայ ունկնդրին ներկայացնել Հեքիմյանի երգերը ու ես վստահ եմ, որ դրանք մեծ ընդունելություն կգտնեն, ժողովուրդը կերգի, երգերը կլինեն սիրված ու հանրածանոթ: Նրա որոշ երգեր արդեն գրավել են Հայաստանի լավագույն կատարողների ուշադրությունը՝ Լուսինե Զաքարյան, Նար Հովհաննիսյան, Ռուբեն Մաթեւոսյան…»: Այդպես էլ եղավ: Նրա «Երգիր ինձ համար», «Ղարաբաղ», «Կռունկ, բարով դառնաս», «Իմ Հայաստան»…, ավելի քան 300 երգերը մտան մեր առօրյա՝ նույնիսկ մանկապարտեզից մինչեւ համերգասրահ, տոնախմբության սեղանից ձայնագրման ստուդիա, դարձան ռադիո եւ հեռուստատեսային ծրագրեր, CD-ներ…

Հեղինակի ստեղծագործությունները վերջնական տեսք են ստացել՝ գործիքավորվելով կոմպոզիտորներ Արմեն Մանդակունյանի, Մանվել Բեգլարյանի, Մելիք Մավիսակալյանի եւ մյուսների շնորհիվ: Ասում են, որ ստեղծագործողը մեծ պահանջկոտությամբ էր ընտրում բանաստեղծական տեքստերը, որոնց հեղինակներն են Համզատովը, Բուկովը, Գրաշին, Իսահակյանն ու Տերյանը, Շիրազն ու Կապտուտիկյանը, Էմինը, Սահյանը, Սեւակը, Բանդուրյանը՝ բոլորին չես թվարկի: Մինչ հայ կատարողներին դիմելը հեքիմյանական երգերը տեղ էին գտել ռուս անվանի կատարողների երգացանկում՝ Լյուդմիլա Զիկինա, Իոսիֆ Կոբզոն, Ալեքսանդրովի անվան անսամբլ, Պյատնիցկու անվան երգչախումբ եւ այլն:

Արամ Խաչատրյանը Հեքիմյանի՝ իբրեւ կոմպոզիտորի առաջին քայլերից հետո նշում է նրա ստեղծագործության մեկ ոլորտ եւս, մեծանուն կոմպոզիտորի խոսքերով՝ նշանակալի ոլորտ. դա ժամանակակից համերգային երգն է. «…Հեքիմյանի այդ երգերի հաջողությունը պատահական չէ: Չէ՞ որ ժողովուրդը ճանաչում եւ ընդունում է այն, ինչն իրեն առաջին հերթին հուզում է: Իսկ դա նշանակում է, որ կոմպոզիտորը ճիշտ ուղու վրա է, ուրեմն նրա հորինած երգը կապրի մարդկանց գիտակցության մեջ»:

Մեզ հետ զրույցում Ռուբեն Մաթեւոսյանը հիշեց. «Խորհրդային Հայաստանի կեսդարյա հոբելյանն էր, երբ կենտկոմի քարտուղար Ռոբերտ Խաչատրյանը զանգեց եւ ասաց, որ ինձ մոտ կգա մի գեղեցկատես հայ գեներալ՝ իր ստեղծած երգով: Այդպես էլ եղավ. հենց հաջորդ օրը Ալեքսեյ Հեքիմյանը ինձ ներկայացրեց երկու երգ՝ «Բարի արագիլը» եւ «Ես իմ սիրտը քեզ եմ տալիս»: Միանգամից արձագանքեցի, թե «Արագիլն» իմն է, բայց դեմ չի՞ լինի, որ այն ձայնագրեմ էստրադային նվագախմբի հետ: Ինչ վերաբերում է երկրորդ երգին, նշեցի, որ մասնագիտական շտկումների կարիք կա ու հարցրի՝ դեմ չի՞ լինի, որ երգը «հեղափոխեմ»: Համաձայնություն ստանալուց հետո ձայնագրեցի, դրանից հետո՝ շուրջ 20 երգ եւս»: Մեր զրուցակիցը նշեց, թե Հեքիմյանի մահից հետո տպագրվել ու ձայնագրվել են նրա բազմաթիվ երգեր եւս ու շեշտեց, որ ռուսաստանյան հայտնի «Մելոդիա» ձայնագրման ֆիրման թողարկեց հեղինակի ղարաբաղյան երգերի շարքը: Պարոն Մաթեւոսյանը շեշտեց, որ դրանք Խորհրդային Միության փլուզման տարիներին էր եւ այդքան էլ հեշտ չէր ձայնասկավառակ թողարկել, այն էլ հայրենասիրական թեմաներով:

Մեր զրուցակցի խոսքերով՝ մեծ դեր է խաղացել «Մելոդիա»-ի գլխավոր խմբագիրը՝ Կարինե Սիմոնյանը: «Ղարաբաղյան շարժման սկզբից մինչ հաղթանակ, այլ երգերի թվում մեզ ուղեկցեց հեքիմյանական այդ շարքը»,- եզրափակեց Ռուբեն Մաթեւոսյանը: Դիտարկմանը, թե չենք մտաբերում Ալեքսեյ Հեքիմյանին նվիրված որեւէ երեկո, Ռուբեն Մաթեւոսյանը պատասխանեց. «Եղել են բազմաթիվ ռադիո եւ հեռուստահաղորդումներ, բայց որեւէ հոբելյան չի նշվել: Կայանալիքը առաջինն է, որը անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում