Արմեն Սարգսյանը Միլանի հայ համայնքին է ներկայացրել Հայաստանի ապագայի վերաբերյալ իր տեսլականը

Արմեն Սարգսյանը Միլանի հայ համայնքին է ներկայացրել Հայաստանի ապագայի վերաբերյալ իր տեսլականը

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվար 2-ին հանդիպել է Միլանի Հայ ազգային և հոգևոր հաստատությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին Իտալիայի Հայոց հովվության դիվանից, հանդիպումը տեղի է ունեցել Միլանի Հայ տուն ազգային հաստատությունում: Ներկա են եղել Իտալիայի Հայոց հոգևոր հովիվ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Տիար Պիետրո Քուչուկյանը, Միլանի Սուրբ Քառասուն մանկունք եկեղեցու Հոգաբարձության, Իտալիայի Հայոց միության, Միլանի Հայ տան, «Սերապյան» ուսանողական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Միլանի հայ համայնքի Երիտասարդական խորհրդի, Հայագիտության և Հայ մշակույթի վավերագրման կենտրոնի ղեկավարներ ու ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ապագայի վերաբերյալ իր տեսլականը, լսել է ներկաների տեսակետներն ու գաղափարները՝ ՀՀ ապագայի ու արդեն նոր կառավարման ձևաչափում մեր երկրի տարբեր ծրագրերին սփյուռքի ներգրավվածության վերաբերյալ:

Մտքեր են փոխանակվել Հայաստանում արդարադատության, առողջապահության և կրթության ոլորտների բարելավման, ինչպես նաև հայրենիքի նկատմամբ մատաղ սերնդի հավատքի զորացման առնչությամբ:

«Անկեղծ ու ջերմ մթնոլորտում արձանագրվել են մեր երկրի ձեռք բերած հաջողությունները, և դրանք միասնաբար՝ Հայաստանի ու Սփյուռքի ջանքերով զորացնելու կամքն ու վճռականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում