Չեխիայի արտգործնախարարը մերժել է Բաքվի՝ ներողություն խնդրելու պահանջը
Նմանատիպ
«Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը չի պատրաստվում ներողություն խնդրել իր այն խոսքերի համար, թե Ադրբեջանը բռնապետական երկիր է»,-գրում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով չեխական լրատվամիջոցները:
Չեխիայի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգն Ադրբեջանի հասցեին քննադատական հայտարարությամբ հանդես էր եկել մարտի 4-ին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, «2012թ-ի լավագույն իրավապաշտպան» մրցանակի շնորհման պաշտոնական արարողության ժամանակ (մրցանակի հիմնադիրը չեխական People in Need (Կարիքավոր մարդիկ) կազմակերպությունն է): «Լավագույն իրավապաշտպան» տիտղոսին այս տարի արժանացել էր ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը: Արարողության ժամանակ իր ելույթում Շվարցենբերգը, անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին, Արևմուտքին հորդորել էր Բաքվի հարցում ջայլամի քաղաքականություն չբանեցնել՝ գլուխները չխրել ավազի մեջ ու աչք չփակել մարդու իրավունքների խախտումների վրա:
Այս ամենը մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում ,և նրանք տարբեր խողովակներով փորձել են հասկացնել արտգործնախարարին ներողություն խնդրել Ադրբեջանից, սակայն Շվարցենբերգը անդրդվելի է եղել իր որոշման մեջ:
«Ես ճշմարտության համար ներողություն չեմ խնդրելու»,-պարբերականի տվյալներով՝ Բաքվի «մեսիջին» ի պատասխան՝ ասել է Շվարցենբերգը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում