Տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար Երևան քաղաքը անհարմար է

Երևան քաղաքը հեռու է հարմարավետ լինելուց, հատկապես՝ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Միաժամանակ նա նշեց, որ վերջին տասը տարիների ընթացքում որոշակի դրական տեղաշարժ կա՝ պաշտոնյաները այլևս չեն ժխտում, որ հաշմանդամություն ունեցող անձինք շատ խնդիրներ ունեն, ու դրանք լուծել է պետք, սակայն առաջխաղացումը դանդաղ է:

Արմեն Ալավերդյանը մատնանշելով Երևանում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ասաց, որ թեև գործում են պարտադիր շինարարական նորմեր, բայց ոչ բոլոր նորակառույցներն են համապատասխանում դրան. «Թեքահարթակները պետք է համապատասխանեն ստանդարտներին: Դրանք հաճախ ավելորդ տեղ են զբաղեցնում և անհարմար են: Ավելի լավ է չկառուցեն: Կա տրանսպորտի խնդիր: Տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար տրանսպորտը անմխիթար վիճակում է: Իրավունքի տեսակետից եթե նայենք, պետք է նրանց համար այդ պայմանները ստեղծվեն»:

Իսկ Հասմիկ Մուրադյանը, ով տարիներ առաջ ավտովթարի հետևանքով հաշմանդամություն է ձեռք բերել, առաջին հերթին բարձրացրեց աշխատանքի հարցը: Նա նշեց, որ ինքը ճապոներենի մասնագետ է, սակայն չի կարողանում աշխատանք գտնել. «Ես արդեն հույսս կորցրել եմ, որ կարող եմ աշխատանք գտնել: Ճապոներեն-հայերեն զրուցարան եմ կազմել, պատրաստ է հրատարակման, բայց ցանկություն ունեմ ինքս գումարը վճարել, չեմ ուզում հոգս պատճառել հարազատներիս»:

Հասմիկ Մուրադյանը նաև նշեց, որ իր համար դժվար է անգամ փողոց անցնել, քանի որ հետիոտնի համար նախատեսված ժամանակը շատ կարճ է սահմանված:

«Եթե արագ չհասցնես անցնել փողոցը կմնաս մեջտեղում, սակայն ես չեմ կարող արագ անցնել: Սա խնդիր է, որը, կարծում եմ, առանց միջոցների կարելի է լուծել»,- ասաց նա և հորդորեց հասարակությանն ավելի հանդուրժող լինել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում