Թուրքիան ստացել է ՇՀԿ գործընկերոջ կարգավիճակ

Թուրքիան ստացել է Շանհայի համագործակցության կազմակերպության գործընկերոջ կարգավիճակ: Ալմա Աթիում համապատասխան հուշագիրը ստորագրել են Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցևը: Այս մասին հայտնում է panorama.am-ը վկայակոչելով ria.ru-ին:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը մշտապես գործող միջկառավարական միջազգային կազմակերպություն է, որի մեջ մտնում են վեց պետություն՝ Ղազախստան, Չինաստան, Ղրղըզստան, Ռուսաստան, Տաջիկստան և Ուզբեկստան: ՇՀԿ-ի ստեղծման հռչակագիրը ստորագրվել էր 2011 թվականի հունիսի 15-ին վեց երկրների ղեկավարների կողմից:

ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեն Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան, Պակիստանը, իսկ Բելառուսը և Շրի Լանկան՝ 2012 թվականից երկխոսության գործընկերոջ կարգավիճակ:

Կազմակերպությունը ռազմական բլոկ չէ: Նրա գլխավոր խնդիրն է մեծ տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդումը, որը միավորում է մասնակից երկրներին, ահաբեկչության, անջատողականության, ծայրահեղականության, թմրանյութերի առքուվաճառքի դեմ պայքարը, տնտեսական համագործակցության զարգացումը, էներգետիկ համագործակցությունը, գիտական և մշակութային փոխհամագործակցությունը: Կազմակերպության անդամ չեն կարող դառնալ այն պետությունները, որոնց նկատմամբ ՄԱԿ-ը պատժամիջոցներ է կիրառում կամ նրանք, որոնք զինված պայքարի մեջ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում