Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքին

Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը գրություն է հղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Իգնատիոս Զակկա Իվասին’ մտահոգություն հայտնելով օրեր առաջ Հալեպի մոտակայքում մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ Ուղղափառ Եկեղեցու երկու միտրոպոլիտների’ Նորին Սրբազնություն Հովհաննես Իբրահիմի և Նորին Սրբազնություն Պողոս Յազիգի առևանգման առիթով:

Վեհափառ Հայրապետի նամակում մասնավորապես ասվում է. «Խստորեն դատապարտում ենք բարձրաստիճան հոգևորականների առևանգումը: Միջկրոնական լարվածության հրահրումը և կրոնական անհանդուրժողականության սերմանումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Լիահույս ենք, որ հոգևոր այրերը ազատ կարձակվեն ապահով և անվնաս»:

Նամակում Նորին Սրբությունը նաև իր զորակցությունն է հայտնել Պատրիարքին և հույս հայտնել, որ քաղաքակրթությունների ու կրոնների երկխոսության ավանդույթներով հարուստ Սիրիայում շուտով կդադարեն հակամարտություններն ու բախումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում