Buymie-ն բազմազբաղ իռլանդացիների համար առևտուր է անում և հասցնում տուն. հայ-իռլանդական համատեղ ստարտափը

Buymie-ն բազմազբաղ իռլանդացիների համար առևտուր է անում և հասցնում տուն. հայ-իռլանդական համատեղ ստարտափը

Seven Smarts ընկերության հիմնադիր-տնօրեն Արտավազդ Սոխիկյանի և իռլանդացի Դեվան Հուգսի շնորհիվ Դուբլինի բնակիչը հնարավորություն է ստացել առանց տնից դուրս գալու մեկ ժամվա ընթացքում ձեռք բերելու ցանկացած մթերք իր նախընտրած սուպերմարկետից: Բազմազբաղ մարդկանց ժամանակը խնայող և հարմարավետություն ապահովող ծրագիրը, որը ստեղծվել է 2015-ի վերջերին, կոչվում է Buymie: «Այն բաղկացած է IOS և Android համակարգերի վրա աշխատող մի քանի մոբայլ հավելվածներից, որոնք համակարգում են պատվիրատուների և առաքիչների աշխատանքը: Նախապես մուտք գործելով համակարգ` հաճախորդն ընտրում է իր նախընտրած խանութն ու ապրանքները, իսկ մեր աշխատակիցը պատվերն ընդունում ու մեկ ժամվա ընթացքում հասցնում է տեղ: Այդ ամենը կարգավորվում է ծրագրային հզոր գործիքների միջոցով,-Buymie-ի գործունեության սկզբունքը մի քանի բառով ներկայացնում է ընկերության համահիմնադիր Արտավազդ Սոխիկյանն ու ավելացնում:-Առայժմ Հայաստանում ընկերության տեխնիկական հարցերով ենք միայն զբաղվում, իսկ բիզնես մասն արվում է Իռլանդիայում, այսինքն` Buymie-ն Իռլանդիայում է գործում, բայց պատվերներ է տալիս հայկական ընկերությանը: Սակայն շուտով Հայաստանում կբացվի Buymie-ի դուրստր ձեռնարկությունը, և մեր թիմն ավելի կընդլայնվի»:

Միայն քրաուդֆանդինգ արշավի միջոցով Buymie-ին հավաքել է 450 հազար եվրո. այս պահի դրությամբ ստարտափի համար հավաքված գումարը կազմում է մոտավորապես 850 հազար եվրո, բայց ներդրումներ դեռ շարունակում են անել: Արտավազդ Սոխիկյանը լիահույս է` մեկ-երկու ամսից հավաքված գումարը կհասնի մեկ միլիոնի. «Մենք ունենք ներդրողների խումբ, որոնք մասնագիտացած են առևտրում, արտադրության մեջ, օրինակ`Unilever-ը: Համագործակցում ենք այնպիսի խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են Coca-cola-ն, GlaxoSmithKline-ը և այլն։ Երեկ էլ հանդիպել ենք Եվրոպայի ամենախոշոր սուպերմարկետների ցանցերից մեկի ներկայացուցչի հետ։ Ամենայն հավանականությամբ, պաշտոնական գործընկերություն կհաստավի մեր միջև, ու կդառնանք իրենց պաշտոնական distribution channel-ը, այսինքն` մեզ կգովազդեն իրենց հաճախորդների մոտ: Դա կնպաստի, որ ճանաչելի դառնանք նաև եվրոպական այլ շուկաներում: Այսինքն հեռանկարները շատ մեծ են: Ի դեպ, մեր հաճախորդներից մեկը քրաուդֆանդինգի ժամանակ 10 հազար ֆունտ ստեռլինգի ներդրում արեց, ինչը նշանակում է, որ մեր ծառայության հաջողության նկատմամբ վստահությունը մեծ է հաճախորդների մոտ ևս»:

Ծրագրի հաջողության մեջ համահիմնադիրը չի կասկածել ո´չ շուկա մտնելիս, ո´չ էլ հիմա: Որ Իռլանդիայում նման ծառայություն իրականացնող ընկերություն չկա, բայց պահանջարկը մեծ է, նախապես գիտեին, շուկան ուսումնասիրել էին, ուստի վստահությունը, որ Buymie-ն կարդարացնի իրեն, մեծ էր. «Իռլանդական շուկայում, որպես կոնկրետ մթերք առաքող ծառայություն, մենք առաջինն ու միակն ենք: Հետաքրքական է, որ մեր հաճախորդների 57 տոկոսը «կրկնվող» են, այսինքն` մեկ անգամ ծառայությունից օգտվելու դեպքում կրկին պատվիրում են: Պատկերացնելու համար, թե ինչ թիվ է դա, ասեմ, որ ինդուստրիայում միջինը 17 տոկոս են կազմում նրանք»:

Արտավազդի խոսքով` ՏՏ ոլորտում ծառայություն մատուցող հայկական ընկերությունների համար բավականին մեծ հնարավորություններ են տալիս արտասահմանյան ընկերությունների հետ համատեղ ձեռնարկները, օրինակ` ցանկության դեպքում, ծառայություն մատուցելուց զատ, ունենալ նաև սեփական արտադրանք:

Ըստ Buyme-ի համահիմնադրի` մինչև տարվա վերջ Buymie-ն կգործարկվի նաև անգլիական մեկ քաղաքում:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում