Հնարավոր է՝ «Արմավիան» չսնանկանա

Մարտին «Արմավիա» ավիաընկերությունը հայտարարեց, որ ապրիլի 1-ից դադարեցնում է չվերթները և սկսում սնանկացման գործընթացը։ Ընկերության սնանկացման մասին լուրերը շրջանառնում էին դեռևս տարեսկզբից, իսկ ընկերության ունեցած պարտքերի մասին խոսվել է գրեթե միշտ։

Այժմ «Արմավիան» փորձում է քաղաքացիներին վերադարձնել վաճառված տոմսերի գումարները։

Երեկ Հանրային խորհրդում «Արմավիայի» շուրջ ստեղծված քննարկման ժամանակ ներկայացվել է «Ավիափոխադրումների ոլորտի «առողջացման» և «Արմավիա» ավիաընկերության գործունեության վերականգնմանն ուղղված նվազագույն առաջնային պայմաններ» անվանումով մի փաստաթուղթ։

Լուրեր.com-ի հետ զրույցում ավիաընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան նշեց, որ այդ փաստաթուղթը Հանրային խորհրդի խնդրանքով պատրաստված փաստաթուղթ է եղել։

«Պարզապես Հանրային խորհուրդը խնդրեց, որ մեր մասնագետները գրեն բոլոր ավիացիայի մասին, այսինքն՝ ոչ միայն կապված է «Արմավիայի» հետ, այլև այդ ոլորտի հետ։ Դրա համար իրենք խնդրեցին, մենք ներկայացրեցինք, բայց մեզ հետ դա կապ չունի, ուղղակի դա կապ ունի բոլոր ավիացիայի ոլորտի հետ»,-ասաց Նանա Ավետիսովան։

Հարցին, թե ինչու դեռևս ընկերությունը դատարան չի դիմել սնանկացման գործընթացը սկսելու համար, արդյոք որևէ բան փոխվել է, Նանա Ավետիսովան պատասխանեց.

«Փոշմանելու ոչ մի խնդիր չկա, սնանկացման համար իրավաբանները պատրաստվում են փաստաթղթերը, որ դիմեն դատարան, ուղղակի դա հեշտ գործ չէ»։

Ավիաընկերության խոսնակը չբացառեց նաև, որ հնարավոր է՝ զարգացող գործընթացն այլ ուղիով գնա, և «Արմավիան» չսնանկանա։ «Այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում