Մոր սերը

Մոր սերը

Վաղու՜ց, շա՜տ Քեսոն քաղաքից ոչ հեռու մի գյուղում ապրում էր մի չունևոր ընտանիք։ Մարդն աշխատում էր դաշտում՝ հարուստ հարևանի մոտ, իսկ կինը բրնձի հացեր էր թխում ու ծախում։ Այսպես էլ ապրում էին նրանք՝ մի կերպ ծայրը ծայրին հասցնելով։

Սրանք ունեին մի որդի՝ անունը Հան Սեկ Բոն, որին իրենց կյանքից ավելի էին սիրում։

Համերաշխ էր ապրում այս խեղճ ընտանիքը, մինչև վրա հասավ մի անդառնալի դժբախտություն․ հայրը ծանր հիվանդացավ ու մեռավ։

Մեռնելիս նա կանչեց կնոջը և ասաց․

– Այնպես արա, որ մեր որդին գիտնական դառնա, և այն ժամանակ բոլորը կհարգեն ու կպատվեն նրան։ Կինը խոստացավ կատարել ամուսնու վերջին ցանկությունը։

Երբ Հան Սեկ Բոնի յոթ տարին լրացավ, մայրն ասաց․

– Հորդ կամքը կատարելու ժամանակն է։ Դու պետք է տասը տարի սովորես։ Այդքան ժամանակում դու հազարավոր հիերոգլիֆներ կճանաչես, հիանալի ոտանավորներ անգիր կանես, բժշկություն կսովորես և կկարդաս փիլիսոփաների գրքերը։ Դրանից հետո դու կարող ես Սեուլում քննություն տալ և գիտնական կդառնաս, ինչպես քո հայրն էր ցանկանում։

Հան Սեկ Բոնը գնաց Քեսոն սովորելու, և մայրը մենակ մնաց իրենց փոքրիկ տնակում։

Գյուղում ոչ ոք նրանից լավ հաց չէր թխում։ Նրա թխած հացերը համեղ էին, փափուկ, գեղեցիկ ու միահավասար․ այդ պատճառով էլ բոլոր հարևանները միայն նրանից էին հաց գնում։

Ամեն երեկո մայրը մտածում էր իր տղայի մասին։ Կարոտում էր նրան, տխուր-տրտում նստում ու լաց էր լինում։ Ամեն գիշեր մայրը հաշվում էր, թե քանի տարի, քանի ամիս ու օր է մնացել մինչև իր թանկագին որդուն տեսնելը։ Բայց մինչև նրա գալը դեռ շատ ժամանակ էր մնում։

Եվ ահա մի երեկո մայրը իրենց խրճիթի մոտ քայլի ձայն լսեց։ Նա դուռը բացեց ու տեսավ, որ եկողն իր որդին է։

Մայրն զգաց, որ Հան Սեկ Բոնը, երկար ճանապարհ կտրելով, շատ է հոգնել։ Ցանկացավ առաջ նետվել և որդուն կրծքին սեղմել, բայց այդպիսի բան չարեց։ Նա նույնիսկ չժպտաց որդու երեսին, այլ միայն հարցրեց․

– Ինչու՞ ես վերադարձել ժամանակից շուտ։ Մի՞թե արդեն ամեն բան սովորել ես և կարող ես քննություն տալ։

Հան ՍԵկ Բոնն այդպիսի սառն ընդունելության չէր սպասում։ Նա լաց եղավ և ասաց․

– Քանի՜-քանի՜ տասնյակ լի ճանապարհ եմ անցել ոտքով և երեկ առավոտվանից ոչինչ չեմ կերել։ Նախ ինձ մի բան տուր ուտելու, հետո ես ամեն ինչ կպատմեմ։

Ա՜խ, որքան էր ուզում մայրը գրկել որդուն, համբուրել, տանը եղած ամենալավ բաները նրա առաջ դնել, որ ուտի, հետո փափուկ անկողնում պառկեցնել, որ հանգիստ քնի։ Բայց նա սրանից ոչ մեկը չարեց, այլ նորից հարցրեց․

– Մի՞թե դու արդեն սովորել ես բոլոր գիտությունները, որ պիտի սովորեիր տասը տարում։

Որդին պատասխանեց․

– Ես սովորել եմ բոլոր գիտությունները, որ պիտի սովորեի տասը տարում․ դրա համար էլ ժամանակից շուտ եմ վերադարձել։

– Դե ուրեմն վերցրու վրձինը, տուշն ու թուղթը և գրիր առաջին տասը հիերոգլիֆները, – ասաց մայրը։

Երբ որդին իր գոտուց կախված տոպրակից տուշն ու վրձինը հանեց, մայրը ճրագը փչեց ու ասաց․

– Մթության մեջ դու հիերոգլիֆներ նկարիր, իսկ ես հաց կթխեմ։

Քիչ ժամանակ անց մայրն ասաց․

– Հացը պատրաստ է․

Այս ասելով՝ նա նորից ճրագը վառեց։ Հան Սեկ Բոնը մորը ցույց տվեց իր աշխատանքը։

Մթության մեջ հիերոգլիֆները տգեղ ու անհավասար էին ստացվել։

Այդ ժամանակ մայրն ասաց․

– Նայիր իմ հացերին։

Հան Սեկ Բոնը նայեց հացերին։ Դրանք միահավասար էին, գեղեցիկ, կանոնավոր․ ասես մայրը պայծառ լույսի ժամանակ էր թխել։

Եվ մայրը ձեռքը դրեց որդու ուսին ու ասաց․

– Վերադարձիր Քեսոն և տուն կգաս, երբ լրիվ ու կատարյալ կիմանաս այն ամենը, ինչ պետք է։

Հան Սեկ Բոնն սկսեց աղաչել․

– Թույլ տուր գոնե մինչև առավոտ մնամ այստեղ։ Օրուգիշեր որքա՜ն ճանապարհ եմ անցել առանց հանգստանալու և հիմա այլևս ուժ չունեմ այդքան հեռու ճամփա գնալու։

– Դու հանգստանալու ժամանակ չունես, – խստորեն պատասխանեց մայրը։ – Ահա քեզ մի քանի հաց ճանապարհի համար։ Բարի ճանապարհ։

Մութ գիշերին Հան Սեկ Բոնը գնաց լեռնային շառավիղներով։

Ծանր էր հնադարյան Քեսոն քաղաքի ճանապարհը։ Քանի՜-քանի՜ լեռնային գետակներ էին կտրում այն, իսկ մտքերում հաճախ գազանների ոռնոց էր լսում։

Հան Սեկ Բոնը գնում էր՝ դառը-դառը լաց լինելով։ Նրան թվում էր, թե մայրն անարդար և դաժան վարվեց իր հետ, թե իր Քեսոնում եղած տարիների ընթացքում մայրը սառել է իրենից և այլևս չի սիրում իրեն։

Առավոտյան նա բաց արեց այն շորը, որի մեջ մայրը հացեր էր կապել, և նորից տեսավ, որ մթության մեջ թխած այդ հացերը հիանալի էին՝ միանման, միահավասար։

Այդ ժամանակ Հան Սեկ Բոնը առաջին անգամ մտածեց․ «Մայրս կարողացել է մթության մեջ լավ կատարել իր գործը, իսկ ես չկարողացա։ Նշանակում է՝ նա իր գործն ավելի լավ է անում, քան ես»։

Այսպես մտածելով՝ Հան Սեկ Բոնն շտապեց դեպի Քեսոն․․․

Անցավ էլի հինգ տարի, և մի երեկո մայրը նորից քայլերի ձայն լսեց իրենց տնակի մոտ։

Նա բաց արեց դուռը և նորից տեսավ իր որդուն։

Հան Սեկ Բոնը ձեռքերը մեկնեց մորը, բայց մայրն ասաց․

– Արդյոք բոլո՞ր գիտություններն ես լրիվ սովորել, որ տուն ես եկել։

– Բոլորը, – պատասխանեց որդին։

Եվ տոպրակից վրձին, տուշ ու թուղթ հանելով՝ նա ճրագը հանգցրեց։

Մի տասը րոպեից հետո Հան Սեկ Բոնն ասաց․

– Կարող ես ճրագը վառել․․․

Մայրը սենյակը լուսավորեց և մոտեցավ որդուն։ Նրա առաջ փռված էր մի թերթ, որի վրա գրված հիերոգլիֆները գեղեցիկ էին, պարզ, միահավասար։

Եվ այն ժամանակ մայրն ասաց․

-Ինչպե՜ս էի ես սպասում քեզ, զավակս, որքա՜ն էի կարոտել քեզ։ Եկ մի պինդ կրծքիս սեղմեմ քեզ և կարոտս առնեմ։

․․․Տարիներ անցան, և Հան Սեկ Բոնը մեծանուն գիտնական դարձավ։ Եվ երբ իր աշակերտները հարցնում էին նրան, թե ինչպես է այդքան մեծ գիտնական դարձել, Հան Սեկ Բոնը պատասխանում էր․

– Մորս սերն ինձ սովորեցրեց չխնայել ինձ, ամեն ինչ կատարել լավ ու ազնվորեն։ Իսկ ով ամեն ինչ լավ է կատարում և ազնվորեն, նա, ինչ ուզի, կդառնա։

Կորեական ժողովրդական հեքիաթ
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում