Բաթումում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
Նմանատիպ
Ապրիլի 23-ին եւ 24-ին Բաթումում անցկացվեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ապրիլի 23-ին Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցում աջարահայ համայնքի հոգեւոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան պաշտոն, որին հետեւեց բաթումահայ երիտասարդության կողմից կազմակերպված մոմավառությունը եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ:
Հաջորդ օրը եկեղեցում տրվեց հոգեհանգստյան պատարագ: Այնուհետև բոլոր ներկաները հավաքվեցին եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ, ուր կայացավ զոհերի ոգեկոչման արարողություն: Իր քարոզում աջարահայ համայնքի հոգեւոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանն ընդգծեց,որ յուրաքանչյուր հայ պարտավոր է միշտ վառ պահել Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը եւ այդ պատգամը փոխանցել գալիք սերունդներին:
Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանն իր ելույթում, մասնավորապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու ժխտողականության հարցերին:
Ելույթ ունեցավ նաեւ Բաթումի ավագանու նորընտիր նախագահ Իրակլի Չավլեիշվիլին, որն իր խոսքում դատապարտեց շուրջ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը, եղբայրական վրաց ժողովրդի կարեկցանքի խոսքերը բերեց հայ ժողովրդին:
Ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին հայկական խաչքարի մոտ’ ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ նահատակների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում