Բուլղարիայի նախագահը տպավորված է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնով
Նմանատիպ
Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևն իր տիկնոջ հետ այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը հյուրին ներկայացրեց կենտրոնի կրթական ծրագրերը,գաղափարները, առանձնահատկությունները և այն հիմնական ուղղությունները, որոնք ուսուցանվում են «Թումո»-ում:
Ռումեն Ռադևը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անչափ տպավորված է կենտրոնի աշխատանքով:
«Ես իսկապես շատ տպավորված եմ: Հայաստանն այնպիսի պետություն է, որը մտածում է ապագայի մասին, իսկ ապագան մեր երեխաներն են: Երիտասարդների զարգացման համար այսպիսի միջավայր ստեղծելն, իհարկե, շատ լավ միտք է»,- ասաց Բուլղարիայի նախագահը:
Ռումեն Ռադևը արդյունավետ է համարում տեխնոլոգիական ոլորտի գրեթե բոլոր ճյուղերի միավորումը մեկ կենտրոնում:
«Իհարկե, Բուլղարիայում ևս ունենք նմանատիպ կենտրոններ, սակայն դրանք առանձին-առանձին են գործում: Դուք միավորել եք բոլոր ճյուղերը մի վայրում, դա շատ հարմար է հաղորդակցվելու, պլանավորելու և գաղափարները իրականացնելու համար»- ասաց Ռադևը:
Ռումեն Ռադևը նաև շրջեց դասասենյակներով և սաներից հետաքրքրվեց նրանց աշխատանքով, այնուհետև երեխաների հետ լուսանկարվեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում