Մենանվագ Աննային

Մենանվագ Աննային

Հանգիստ, հանգիստ երկրի բոլոր անիվներին։
Իմ վերջին ու չմեկնող գնացքն է քո կայարանում.
պահպանիր մեկվագոն ու անշչակ վերջինիս՝
թեկուզ գծեր ու կամուրջ ավերելու կորուստով։
Խելքս հացի հետ չեմ կերել,
որ գարնան այս տաք օրվա մեջ նստեմ
ու թիվը հաշվեմ մեկնած գնացքներիս.
միայն թե, աղջիկս, ձեռքով արա,
նրանք հեռվում մենակ են ու անվերադարձ։
Հանգիստ, հանգիստ երկրի բոլոր անիվներին։

Իմ բաժինը՝ օրը օրի, և վատնել եմ աջ ու ձախից,
ամեն շրջադարձում թողել եմ կին ու սիրո լքը երկինք,
աստղերի թիվը ստույգ գիտեմ ու անսխալ,
և միակ անգամն է, որ սիրում եմ ինձնից էլ շատ։

Որևէ բան չունեմ քեզնից պահանջելու
ու չեմ պարտադրում՝ իմը լինես,
չեմ էլ փորձի՝ սիրում եմ, ասել երբեք։
Թույլ տուր խոսեմ տրորվող խոտի,
աշնանից մնացած տերևների մեռնելուց,
մի քիչ էլ խիղճս տանջեմ՝ հանուն որբ ու անտեր շների
և տրորվածի ու մեռնողի, մենակ խղճի արանքում
բառը ուղղեմ հարցականով.
-Ո՞նց ես կարողացել այս ճահիճում ու մրի մեջ
այսքան մաքուր ու անաղարտ մնալ, աղջիկ։

Հայտնությունդ իմ փակ օրվա անակնկալն էր,
ինչպես գործելն է հանգած հրաբխի,
երբ սրտի հետ փակել էի պարտք ու հաշիվ.
կյանքում մեկ անգամ է լինում այդպես,
երբ գտնում ես խաղդ, բայց չես հասցնում շահել։

Ես որ բառ եմ տաշել, գերանակապել եմ տող,
և գրքերում չկա ինձ զարմացնող ոչինչ,
տողն եմ հարցականով ուղղում քեզ.
ոնց ես կարողացել այս մրի մեջ ու ճահիճում
այսքան մաքուր ու անաղարտ մնալ, աղջիկ։

Իմ վերջին ու չմեկնող գնացքն է քո կայարանում,
հրաժեշտի ձեռքով չանես միավագոն ու անշչակ վերջինիս՝
թեկուզ գծեր ու կամուրջ ավերելու կորուստով։
Հանգիստ, հանգիստ երկրի բոլոր անիվներին։

Արա ՀՈՒՍԻԿ

Հետևեք մեզ նաև Telegram-ում