Ծիծեռնակաբերդում ավանդական ծաղկահավաք է տեղի ունեցել
Նմանատիպ
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն 4-րդ անգամ իր գլխավոր գործընկեր, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպում է ավանդական ծաղկահավաք:
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի անձնակազմը և մի շարք կամավորներ, բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ և ուսանողներ նոր շունչ են հաղորդեցին ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր բերված հազարավոր ծաղիկների:
Նախքան 2010 թվականը շուրջ 2 տոննա ծաղիկներ հավաքվում և այրվում էին որպես աղբ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը այս խնդրի բնապահպանական լուծումն ապահովելու նպատակով նախաձեռնեց ծաղկահավաքի միջոցառումը, որը և սկսեց իրականացնել 2010 թվականից:
Միջոցառման շրջանակներում անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվում են, ցողուններն առանձնացվում են ծաղկաթերթիկներից, որոնցից պատրաստվում է պարարտախառնուրդ՝ այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթիկներն առանձնացվում և օգտագործվում են թղթի վերամշակման համար, որոնք հետագայում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից օգտագործվում են բացիկների, շնորհակալագրերի և նամակների նպատակով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը այս առիթով ասաց. «Մարդիկ հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին’ հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելով: Մի քանի օր հետո այդ ծաղիկները թոշնում են: Ինչպե՞ս կարելի է վարվել այդ ծաղիկների հետ: Հարց, որն առաջին հայացքից պարզ է թվում, սակայն, շատ ավելի բարդ է իրականում և բարձրացնում է կարևոր հարցադրում’ որքանո՞վ է նպատակահարմար և թույլատրելի, որ այդ ծաղիկները հայտնվեն աղբանոցում կամ այրվեն: Հատկանշական է, որ այրելը բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի և հանրային առողջության վրա: Մեր համատեղ ջանքերի շնորհիվ, այդ ծաղիկները ծառայում են մեր Պահանջատիրության գործին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում