Նոր մանրամասներ ոստիկանական ֆինանսական բուրգի գործից

ՀՀ բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված եւ տարիներ շարունակ գործունեություն ծավալած ֆինանսական բուրգի շուրջ նոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Մեր տեղեկություններով՝ գործն արդեն ՀՔԾ-ում է, բայց դա չի նշանակում, որ շատ շատերին հայտնի այդ պատմությունը կբացահայտվի եւ մեղավորները կպատժվեն։ Ավելին, գործի ընթացքը ցույց է տալիս, որ ամեն ինչ արվում է պատմությունը կոծկելու համար։ Մինչ օրս այս գործով չկան ձերբակալվածներ։ Ավելին, բացի Ներսիկ Նազարյանից ուրիշ ոչ մի բարձրաստիճան ոստիկան պաշտոնանկ չի արվել նույնիսկ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ գործը չի բացահայտվում իբր այն պատճառով, որ բազմաթիվ վկաներ վախենում են ցուցմունք տալուց։ Եվ այդ վախը պայմանավորված է համակարգում համառորեն «քցվող» այն լուրերով թե Ներսիկ Նազարյանը շուտով նշանակվելու է ՀՀ ոստիկանապետ եւ կարող է ցուցմունքների հեղինակների համար մեծ պրոբլեմներ ստեղծել։ Ու երբ որ այդ վախը վերանա, ցուցմունք տվողները հերթ կկանգնեն։ Ի դեպ, այդ վախի մասին։ Սուպերմարկետների հայտնի ցանցը, որը, ըստ Ներսիկ Նազարյանի, բոլորովին կապ չունի իր հետ, ահռելի պարտքեր է կուտակել։ Մատակարարներն ամիսներով չեն ստացել ցանցին մատակարարված ապրանքների գումարները, բայց շարունակում են մատակարարել եւ շարունակում են մեծացնել այդ պարտքը։ Եվ պատճառը կրկին այն մտավախությունն է, որ ոստիկանապետ դառնալուց հետո նա այդ մատակարարների հախից կգա։ Ըստ ամենայնի՝ վերը նշված ֆինանսական բուրգի եւ սուպերմարկետների հայտնի ցանցի պարտքային խնդիրները սերտ կապված են իրար։ Ըստ մեր տեղեկությունների՝ կուտակված պարտքից բացի այս պատմության մեջ շրջանառվում է նաեւ 6,5 մլն դոլար ծավալով մի վարկի մասին, որի ընթացիկ մարումների համար տոկոսադրույքն ու մայր գումարը միասին կազմում է հենց այնքան, որքան գումար հավաքագրելուց հետո «սկել» է վերը նշված ֆինանսական բուրգը՝2,5 մլն դոլար…»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում