Իտալիայի մի շարք քաղաքներում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերին
Նմանատիպ
Իտալական մի շարք քաղաքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ապրիլի 24-ին Նեապոլի Սբ. Կատերինա Գիայա եկեղեցում «Թագուհի Ելենա» միջազգային ասոցիացիայի եւ Նեապոլի հայ համայնքի կողմից կազմակերպվեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն եւ մատուցվեց սուրբ պատարագ: Միջոցառումն անց կացվեց Իտալիայում ՀՀ դեսպանության, Նեապոլի քաղաքապետարանի եւ Կամպանիա նահանգի խորհրդի հովանու ներքո:
Պատարագի ավարտին ներկաներին ընթերցվեց Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի ուղերձը:
Պատարագից հետո կազմակերպվեց երթ դեպի Նեապոլի Նահատակների հրապարակ, որտեղ, ի հիշատակ Եղեռնի անմեղ զոհերի, զետեղվեց ծաղկեպսակ:
Ապրիլի 24-ին Միլանի Սբ. Ամբրոջիո եկեղեցում Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Հայ Առաքելական եկեղեցու Իտալիայի Հայոց հովվության հոգեւոր հովիվ հայր Թովմա Խաչատրյանի կողմից մատուցվեց սուրբ պատարագ, որի ավարտին խոսքով հանդես եկավ Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պյետրո Քուչուկյանը:
Այնուհետեւ պատարագին մասնակցող իտալական հասարակության եւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներն ուղեւորվեցին եկեղեցու բակում տեղեդրված խաչքարի մոտ, ուր տեղի ունեցավ մոմավառության արարողություն եւ զետեղվեց ծաղկեպսակ:
Ավելի ուշ արարողության մասնակիցները հյուրընկալվեցին Միլանի քաղաքապետարանի դահլիճում, ուր տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցեցին նաեւ Միլանի քաղաքապետ Ջուլիանո Պիզապիան եւ քաղաքային խորհրդի անդամները: Միջոցառմանը խոսքով հանդես եկավ քաղաքային խորհրդի նախագահ Բազիլիո Ռիցցոն:
Նույն օրը Միլանի «Հայ Տանը» անցկացվեց հիշատակի երեկո, որի ընթացքում խոսքով հանդես եկան Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոսը եւ Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեին:
Ապրիլի 24-ին Հռոմի հրեական համայնքը Հռոմի հրեական թաղամասում կազմակերպեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Միջոցառման մասնակիցների շարքում էին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը եւ Հռոմի հրեական համայնքի նախագահ Ռիկարդո Պաչիֆիչին:
Ներկաների առջեւ ելույթով հանդես եկավ դեսպան Ղազարյանը, ով իր խոսքում, մասնավորապես, նշեց, որ «…Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտելու եւ ոճրագործության կազմակերպիչներին արժանի պատժի արժանացնելու պարագայում աշխարհը ականատես չէր լինի այլ ցեղասպանությունների: Ուստի, միջազգային հանրությունը պետք է անդադար պայքար մղի ցեղասպանության բոլոր դրսեւորումների, ինչպես նաեւ ցեղասպանության ժխտողականության դեմ, որպեսզի այս սոսկալի երեւույթը այլեւս չսպառնի մարդկությանը: Եվ այդ պայքարի առաջին շարքերում պետք է լինեն հենց ցեղասպանություն վերապրած ժողովուրդները»:
Այնուհետեւ, Սիենայի համալսարանի պատմության պրոֆեսոր, հայտնի ցեղասպանագետ Մարչելլո Ֆլորեսը հանդես եկավ դասախոսությամբ:
Վերջինս դասախոսությամբ հանդես եկավ նաեւ նույն օրը Հռոմի պատմական եւ ամենահեղինակավոր բարձրագույն դպրոցում’ Liceo Visconti-ում, տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված դասախոսությանը, որը կազմակերպվել էր Հռոմի եւ Լացիոյի հայ համայնքի կողմից՝ Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո: Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպանը:
Միջոցառմանը շուրջ 300 ուսանողներից զատ ներկա էին Իտալիայի կրթության նախարարության, ինչպես նաեւ Հռոմի մշակութային շրջանակների ներկայացուցիչներ:
Ապրիլի 24-ին Բարի քաղաքի հայ համայնքի եւ «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնի կողմից Բարիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպվեց «Հայեր. մի ժողովրդի մոռացված ցեղասպանություն» խորագրով համաժողով: Միջոցառումն անց կացվեց Իտալիայում ՀՀ դեսպանության եւ Բարիի քաղաքապետարանի հովանու ներքո:
Համաժողովի ընթացքում ներկայացվեց Լեչեի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Կ.Բոլոյանի կողմից մշակված ձեռնարկ’ ցեղասպանությունը վերապրած հայ կնոջ’ Աղավնի Պողոսյանի, հուշերի մասին:
Համաժողովի բացմանը ընթերցվեց Իտալիայում դեսպան Ղազարյանի ուղերձը:
Միջոցառմանը ներկա էին քաղաքային իշխանությունների, իտալական հասարակության եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Համաժողովի ավարտին կազմակերպվեց երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում