Օրենքը նորակառույց շենքերի անվտանգությունը սահմանում, իսկ կատարումը թողնում է կառուցապատողների խղճին

Նմանատիպ
Ընտանիք կազմելուց հետո երիտասարդների առաջ ծառացող ամենաբարդ խնդիրներից մեկը շարունակում է մնալ բնակարանային հարցը։ Արդեն մի քանի տարի է, ինչ այս ոլորտում որոշակի արտոնություններ են գործում բնակարանի կարիք ունեցող երիտասարդ զույգերի համար: Խոսքը, մասնավորապես, «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի մասին է: Բայց քանի որ այս ծրագրով ձեռքբերվող բնակարանի առավելագույն արժեքը չի կարող գերազանցել 25 միլիոն ՀՀ դրամը, իսկ մայրաքաղաքում նորակառույց շենքում բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը տատանվում է 800-1800 ԱՄՆ դոլարի սահմաններում` կախված տեղից, դիրքից ու նորոգման վիճակից, հետևաբար երիտասարդ զույգը մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ստանում է գրեթե բացառապես երկրորդնային շուկայից:
Ի տարբերություն այս ծրագրից օգտվողների՝ երիտասարդ մասնագետներին բնակարանով ապահովելուն նպատակաուղղված մեկ այլ՝ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի շահառուները զգում են նոր բնակարանում ապրելու հաճույքը: Բնակարանային ապահովության սոցիալական այս ծրագրով կառուցված շենքերում բնակարանների քառակուսի մետրի արժեքը շուկայականից անհամեմատ էժան է լինում: Ճիշտ է, ծրագրի մեկնարկից` 2011թ-ից մինչև հիմա արժեքն աճել(170 հազար ՀՀ դրամից դարձել է 290 հազար ՀՀ դրամ), բայց շարունակում է մնալ շուկայական միջին գնից բավական մատչելի: Օրինակ`այդ ծրագրի շրջանակում կառուցվող Զեյթուն 3 բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու հնարավորություն ստացած երիտասարդները մեկ քառակուսի մետրի դիմաց վճարելու են 270-290 հազար ՀՀ դրամ: Բացի այդ, քանի որ շահառուները բնակարանը գնելու են անմիջապես կառուցապատողից, ՀՀ կառավարության որոշման համաձայն` եկամտահարկից փոխհատուցվելու է հիփոթեքի տոկոսները:
Ստացվում է` վերջին ծրագրով բնակարան ձեռք բերած երիտասարդները «շահում են» և´ գումարի, և´ բնակարանի վիճակի հարցում. վճարելով ավելի քիչ` ստանում են նոր բնակարան: Իսկ առաջին` «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրից օգտվողները միանշանակ ավելի շատ վճարում, արդյունքում էլ «մաշված» ու շատ դեպքերում սեյսմավտանգ բնակարան են ձեռք բերում:
Որ խորհրդային ժամանակաշրջանում կառուցված բնակելի շենքերը սեյսմիկ առումով անվտանգ չեն, մասնագետները բազմիցս են փաստել։ Այդ ժամանակաշրջանում կառուցված բնակելիների թերագնահատված սեյսմիկ ռիսկի մասին մեր նախորդ հրապարակումներում մանրամասն անդրադարձել էինք։ Այն ժամանակ խնդիրը օրենսդրական բացով էր պայմանավորված. սեյսմաանվտանգ շենքեր կառուցել շինարարական նորմերը «չէին թույլատրում». մեր օրերում նորմերը ոչ միայն թույլատրում, այլև` պահանջում են:
Որպեսզի կառուցապատողը բնակելի շենքի շինարարությունն իրականացնի օրենքի տառին համապատասխան, պետական լիազոր մարմինը՝ քաղաքաշինության պետական տեսչությունը, շինհրապարակում ստուգումներ էր իրականացնում կատարված աշխատանքների նկատմամբ։ Ինչպես մեզ վստահեցրին ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեից, այդ ընթացքում հայտնաբերված խախտումների հեղինակների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ և տրվել պարտադիր կատարման ցուցումներ` հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ: Բայց դա գործեց մինչև 2015թ. հուլիսի 30-ը։ ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի որոշման համաձայն` այդ ստուգումները կասեցվեցին։
Հիմա արդեն ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում նորակառույցների` շինարարական նորմերի համապատասխանության հարցում հույս են դնում կառուցապատողների օրինապահության վրա ու հիշեցնում ընթացակարգը.
«Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության համաձայն կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել շինարարության թույլտվության հիման վրա օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան («Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված): «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 17-րդ աղյուսակի պահանջների համաձայն բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման շինարարական աշխատանքները կարող են իրականացվել միայն համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունների միջոցով (պայմանագրային հիմունքներով), որոնք հանդես են գալիս որպես շինարարություն իրականացնող կապալառուներ, որոնց իրավունքներն և պարտականությունները կարգավորվում են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի շինարարություն իրականացնողները պարտավոր են շենք, շինությունների կառուցման շինարարության ընթացքում պահպանել հաստատված նախագծի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները:
Օրենսդրորեն կառուցապատողների համար սահմանված այս ընթացակարգին ճշգրտորեն հետևողներին չհետևողներից տարբերել դժվարանում են նաև սեյսմիկ շինարարության մասնագետները։ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետի տեղակալ Գուրգեն Նամալյանի խոսքով՝ թեկուզ շենքերի սեյսմակայունության համար պատասխանատվություն է կրում ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը, բայց վերջինը շինհրապարակում աշխատանքները վերահսկելու լիազորություն չունի։
Այսուհանդերձ, նորակառույցների նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել՝ հատկապես բնակարանաշինության պետական աջակցությամբ կառուցվողների դեպքում։ 2015-2017թթ. «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրով նոր բնակարան են ձեռք բերել 970 երիտասարդ մասնագետներ։ Բազմաբնակարան բնակելի շենքերի նկատմամբ իրականացված գործարքների թիվը կտրուկ աճել է հատկապես 2017 թվականին։ Եթե 2015թ. իրականացվել է 12478 գործարք, 2016-ին՝ 11948, ապա 2017թ. ընթացքում բնակարան է ձեռք բերել 14 355 հոգի, ինչը 20.1 տոկոսով ավել է 2016-ին կատարված գործարքների թվից։ Թե այդ բնակարաններից քանիսն են կառուցված 1994թ. մշակված, 2006-ին լրամշակված նորմերով, դժվար է ասել։ ԿԱ կադաստրի պետական կոմիտեն նման վերլուծություն չի իրականացնում։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում